Կապանի հանրապետական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարական է ներկայացրել։ Սա պայմանավորված է երեկ վարչապետի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպով, երբ հավաքվածները չթողեցին նրան ելույթ ունենալ։
Բնակիչներից մեկը հարց ուղղեց Աշոտ Հայրապետյանին, սակայն երբ նա փորձեց պատասխանել՝ սուլեցին: «Դուք հանցագործ եք, ՀՀԿ-ի դրածոն եք, ձեր ռեժիմն անցյալում է»,- գոռում էր հարց տվողը: Ի վերջո խոսափողը Կապանի քաղաքապետի ձեռքից վերցրեց Նիկոլ Փաշինյանը:
Իսկ օրեր առաջ Կապանի քաղաքապետն Aravot.am-ին ասել էր որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա:
Աշոտ Հայրապետյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ես վաղաժամկետ վայր եմ դնում իմ լիազորությունները՝ հրաժարական եմ տալիս Կապան համայնքի ղեկավարի պաշտոնից:
Այս որոշման համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ ու խոր պատճառներ, այդուհանդերձ, չմանրամասնելով դրանք, հակիրճ ձևակերպեմ. իմ անելիքների ու պարտականությունների, ՏԻՄ լիազորությունների սահմանում համայնքի ղեկավարին տրված հնարավորությունների շրջանակում գործելու, սկսած ծրագրերն իրականացնելու, համայնքի մասին՝ իմ ունեցած տեսլականին հասնելու պատկերացումներն այլ են, այսօր մեր համայնքի բնակիչների ակնկալիքները, սպասումներն ու դրանց հասնելու ճանապարհների մասին պատկերացումները՝ այլ… Բարի կառավարում համայնքի հաջորդ ղեկավարին՝ ի շահ իմ սիրելի Կապանի, սրտացավություն, հանդուրժողականություն ու սեր և հարգանք հարազատ համայնքի հանդեպ՝ իմ համաքաղաքացիներին»:
17.30-ին Կապանի ավագանու արտահերթ նիստ է հրավիրված՝ քաղաքապետի հրաժարականի օրակարգով։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ
Տարոսը Գորիսին, քեզ տեսնենք ջահել