Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման համապարփակ ծրագիրը (Joint Comprehensive Plan of Action-Совместный всеобъемлющий план действий) ստորագրած երկրներից Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարները և Եվրոմիության ներկայացուցիչը այսօր՝ ուրբաթ, հանդիպում են Վիեննայում․ 2015 թվականից ի վեր սա Իրանի հարցով տասներորդ նիստն է, բայց երկրորդը՝ ԱՄՆ-ի բացակայությամբ։
ԱՄՆ-ը 2015 թվականին Իրանի միջուկային ծրագրի հարցով կնքված համաձայնագրից հետ է կանչել իր ստորագրությունը և խոստացել է վերսկսել Իրանի տնտեսական շրջափակումը և նավթային, բանկային ու առևտրատնտեսական պատժամիջոցները։ Իրանը հիմա Եվրոպայից, Ռուսաստանից ու Չինաստանից պահանջում է պահպանել այդ համաձայնագրի կետերը և միայն այդ դեպքում ինքը ևս չի լքի համաձայնագիրը։
ԱՄՆ-ի հրաժարումը համաձայնագրից նշանակում է սաստիկ պատժամիջոցների կիրառում Իրանի հանդեպ, իսկ եթե Թեհրանը վերանայի իր կեցվածքը՝ դա նշանակում է միջուկային սեփական փորձարկումների վերսկսում։ Իրանը և համաձայնագիրը ստորագրած մյուս երկրները քննադատում են ԱՄՆ նոր վարչակարգին, որ միակողմանիորեն հրաժարվել են մի համախոհությունից, որ անցել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բովից (թիվ 2231 բանաձև)։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման համապարփակ ծրագիրը ստորագրած մյուս հինգ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման նախօրյակին այցելեց Շվեցարիա և Ավստրիա։ Ռոհանիի այցելության համար Եվրոպական այդ երկու երկրները հատուկ էին ընտրված․ Շվեցարիան Իրանի տնտեսական գործընկերներից է, Եվրոպայում ունի յուրահատուկ դիրք և Թեհրանում ԱՄՆ-ի ու Սաուդական Արաբիայի շահերի պաշտպանն է․ այդ երկրներն Իրանում դեսպանություն չունեն․ Ավստրիան Եվրոմիության հերթական նախագահող երկիրն է և տնտեսական մեծ հետաքրքրություններ ունի Իրանում։ Եվրոպացիները փորձում են փրկել Թեհրանի հետ կնքված համաձայնագիրը, Իրանի հետ իրենց տնտեսական կապերն ուզում են շարունակել և ջանում են թարմացված համաձայնագրի նախագծում նոր տարրեր մտցնել, որպեսզի բավարարեն Վաշինգտոնի պահանջները։ Նրանք Ցյուրիխում և Վիեննայում ցուցադրաբար ջերմորեն դիմավորեցին Իրանի նախագահին, որպեսզի իրենց դժգոհությունն արտահայտեն Թրամփի կառավարության, որը միակողմանիորեն լքել է համաձայնագիրը և խոստանում է Եվրոպական երկրների բանկերին ու ընկերություններին ևս ներառել պատժամիջոցների ցուցակում։ ԱՄՆ-ը պահանջում է նոր համաձայնագրում Իրանի հրթիռային ծրագրերի համար ևս սահմանափակումներ մտցնել և հրաժարվել Մերձավոր Արևելյան մի շարք երկրների ներքին գործերին միջամտելուց։
Փորձագետների կարծիքով Իրանը Եվրոպայում ստացել է մի շարք պատգամներ և որոշ հարցերում պատրաստվում է զիջումների գնալ, իսկ Եվրոպան խոստանում է տնտեսական նվազագույն միջոցներ ապահովել Իրանի համար (նավթի վաճառք, ներդրումների փաթեթ ու բանկային համակարգի բնականոն աշխատանք)․ Եվրոխորհրդարանն իր 04 հուլիսի նիստում Եվրոպայի Ներդրումների Բանկին (EIB) հանձնարարել է պահպանել իր կապերը Իրանի հետ։ Նույն աղբյուրների պնդմամբ Գերմանիա-Ֆրանսիա-Մեծ Բրիտանիա եռյակը արդեն իսկ իր առաջարկների նոր փաթեթը ներկայացրել է Իրանին, որը պետք է քննարկվի նաև այսօրվա նիստում։ Պրն Ռոհանին Թեհրան վերադառնալուն պես նոր առաջարկը համարել է անբավարար և Իրանի շահերին հակասող։
Ցյուրիխում ու Բեռնում հեռահար թեժ բանավեճ ընթացավ նաև Իրանի նախագահի և ԱՄՆ-ի Սպիտակ տան միջև․ Թրամփի վարչակարգի հայտարարած «Նոյեմբեր ամսից զերո լիտր նավթի արտահանում Իրանի կողմից» սպառնալիքին Ռոհանին պատասխանեց «Տարածաշրջանում կամ բոլորն են նավթ արտահանում, կամ՝ ոչ մեկը» նախադասությամբ։ Անշուշտ խոսքը վերաբերում է Հորմուզի նեղուցին, որտեղից անցնում են իրանական և արաբական նավթատարները։ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի հարավում և Պարսից ծոցը միացնում է Օմանի ծովին։ Այստեղից արտահանվում է Իրանի և արաբական երկրների նավթը՝ օրական տասնյոթ միլիոն բարել, այսինքն միջագային շուկայի պատվերի մեկ հինգերորդը։
Ռոհանիի այս սպառնալիքը ողջունել են Իսլամական հեղափոխության պահապան կորպուսի հրամանատարները, որոնք պատրաստակամություն են հայտնել հարկ եղած դեպում փակել Հորմուզի նեղուցը։ Ավելորդ է նշել, որ այդ ջրային ուղիները համարվում են միջազգային տարածքներ և դրա աշխատանքի խափանումն ունենալու է անցանկալի հետևանքներ։ Իրանը 1987 թվականին էլ երբ պատերազմում էր Իրաքի դեմ, սպառնում էր փակել Հորմուզի նեղուցը, և ամերիկյան նավատորմը ուղեկցում էր Իրաքի նավթատարներին։
Իրանի Իսլամական պետության առաջնորդ պրն Խամենեին 2015 թվականի ամռան, երբ հաստատում էր մեծ պետությունների հետ կնքվող «Միջուկային ծրագրերի սահմանափակման համապարփակ ծրագիրը», այդ քայլը իրենց կողմից համարեց «Հերոսական զիջողություն»․ ըստ երևույթին հիմա էլ նոր զիջումների ժամանակը հասել է, քանի որ ճնշումներն Իրանի շուրջ սաստկանում են։
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ