Այսօր հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները կառավարությունում վարչապետին առընթեր «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի հետ քննարկեցին ԸՕ-ում իրենց շահառուների հետ կապված կարգավորումները:
«Դիսըբիլիթիինֆո» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սիփան Ասատրյանն ասաց, որ ինքը չի տեսնում եւ իր օրինակով կարող է ասել, թե ինչ խնդիրների են բախվում ընտրություններին մասնակցելիս: Նա նախ առաջարկեց բրալյան համակարգով որոշ քանակությամբ քվեաթերթիկներ տպագրել ու բաժանել հանձնաժողովներին: Սիփանի խոսքով՝ «Գաղտնիության հետ կապված խնդիրը կա: Եթե մենք օգնականի ինստիտուտն ենք դնում, ես մի հետաքրքիր դեպք պատմեմ, ընտանիքիս անդամներն են ինձ օգնել, վերջին ընտրություններին էլ բրալյան կաղապարներ կային, հնարավոր էր կաղապարներով ընտրել թեկնածուների անվանումներն էին միայն նշված, հեշտ էր, նախքան այդ ընտանիքիս անդամների հետ էի գնում ու քանի որ ես եւ իմ ընտանիքի անդամները բավականին տարբեր քաղաքական հայացքներ ունեինք, ես մինչեւ այսօր կասկածներ ունեմ նույնիսկ իմ ընտանիքի անդամների վրա, փորձում եմ վստահել, բայց սրտիս խորքում այդ կասկածը կա՝ մի՞թե իրենք ուրիշ կուսակցության կամ ուրիշ անձի չքվեարկեցին՝ իմ փոխարեն՝ լինելով իմ ընտանիքի անդամ»:
Սիփանն ասաց, որ իմանալով, որ տվյալ ընտրատեղամասում կա երկու կույր ընտրող, հանձնաժողովներին կարելի է տալ 20 քվեաթերթիկ ու որպեսզի չիմանան, թե ինչպես են քվեարկել չտեսնողները, կարելի է մյուս քվեաթերթիկները, չնայած բրալյան համակարգով են, տալ նաեւ տեսնողների:. «Ինձ համար կարեւորէ գաղտնիության պահպանումը, որ անձը կարողանա գաղտնի քվեարկել»:
Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ այդ առաջարկը կարելի է քննարկել, բայց մտավախություն կա, որ հանձնաժողովներում կխառնեն իրար, միգուցե այնպես անեն, որ քվեաթերթիկները դասավորված լինեն ըստ համարի եւ թերթելով՝ պարզ լինի՝ սա առաջին համարն է, սա՝ երկրորդ, սա՝ երրորդ:
Մեկ ուրիշ տարբերակ է այն, որ ներդնեն «Vote in machine» համակարգերը, որով ականջակալով չտեսնող մարդիկ կարող են հանգիստ քվեարկել: Սա նաեւ ՀՀԿ-ի առաջարկներից էր, Դավիթ Հարությունյանն այն հրաշք սարք էր անվանում:
Բայց Դանիել Իոաննիսյանն ասաց, որ «Vote in machine»-ների նկատմամբ լուրջ մտավախություն կա, որ մարդկանց մի ստվար հատվածի կհամոզեն, թե իր քվեարկելու ժամը կնույնականացնեն ու կպարզեն, թե ինչպես է քվեարկել, հետեւաբար կվերահսկեն ու մարդիկ կհավատան դրան:
Իոաննիսյանն այլ առաջարկ էլ ուներ, գուցե այնպես անեն, ծրագրավորողների հետ քննարկեն, որ հեռախոսի հատուկ application լինի, կարդա քվեաթերթիկը, հետո ականջակալով լսվի, թե որ քվեաթերթիկն է դա: Սա նույնպես հնարավոր լուծումներից մեկն է, հանձնաժողովն ավելի ուշ կորոշի, թե որ տարբերակին են հակված:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ