Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան. նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն այսօր ներխուժել էին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանատուն. վեճեր էին տեղի ունեցել եկեղեցու սպասավորների եւ նախաձեռնության անդամների միջեւ:
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում իրավիճակը պարզաբանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: «Իհարկե, հնարավոր է կաթողիկոսի հրաժարականը, բայց դրա համար հիմնավոր փաստեր պետք է առաջադրել: Մենք չենք լսել որեւէ իրական, խելամիտ փաստ»,-նշեց Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Նա նախաձեռնության անդամների հայտարարություններն ու որակումները «մերկապարանոց» որակեց:
Ցուցարարները բղավեցին, որ դիվանատան ներսում իրենց հանդեպ բռնություն է կիրառվել, սակայն Արշակ սրբազանն ասաց, որ նման տեղեկություններ չունի:
Ըստ բարձրաստիճան հոգեւորականի՝ իրենք փորձել են բանակցել ցուցարարների հետ, սակայն վերջիններս վերջնագրի լեզվով են իրենց հետ խոսել, ինչն ընդունելի չէ:
«Ըստ ձեզ, Վեհափառ հայրապետն ինչպե՞ս պետք է արձագանքի այս ամենին, եթե վերջնագրի լեզվով են իր հետ խոսում: Այս շարժումը եկեղեցական կանոնադրությունն է խախտում, իսկ Հայր Կորյունին այս գործողությունների համար պատժելու հարցը հանձնաժողովը դեռ պետք է քննարկի»,-լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Արշակ սրբազանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ