Լրահոս
Օրվա լրահոսը

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը՝ ի պատասխան ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի արած հայտարարության

Հուլիս 06,2018 15:12

«ԱՅԲ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ի պատասխան հուլիսի 4-ին ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի արած հայտարարության

Մենք ողջունում ենք ԿԳ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև Արարատյան բակալավրիատի վերաբերյալ բանակցությունների և աշխատանքային քննարկումների մեկնարկը` ակնկալելով արդյունավետ համագործակցություն` որակյալ կրթությունը բոլորին հասանելի դարձնելու համար: Լիահույս ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամի մասնագիտական թիմի, Արարատյան բակալավրիատի ծրագրի միջազգային գործընկերների, ծրագրում ընդգրկված մարզային դպրոցների ու հարյուրավոր ուսուցիչների ահռելի աշխատանքը կլինի շարունակական և կնպաստի մեր կրթական համակարգի որակական զարգացմանը:

Կարևորելով կողմերի՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղած ջանքերը՝ կարծում ենք, որ բանակցությունների և ուսումնասիրությունների ընթացքում անհրաժեշտ է զերծ մնալ միջանկյալ արդյունքներ հայտարարելուց, ինչպես նաև չհրապարակել թվեր և այլ տեղեկատվություն մինչև դրանց վերջնական ճշգրտումը և փաստացի հաստատումը:

Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամն իր գործունեությունը վարում է բացառապես թափանցիկ և մշտապես հաշվետու է իր բարերարների և հանրության առջև: Հիմնադրամն անցնում է ամենամյա ֆինանսական աուդիտ, որը վերջին տարիներին իրականացվում է «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերության կողմից: «Այբ» կրթական հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունն ու անկախ աուդիտորական եզրակացությունը հասանելի են բոլորին. դրանք տեղադրված են ՀՀ արդարադատության նախարարության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում` azdarar.am, և հիմնադրամի կայքում՝ հետևյալ հղմամբ` https://foundation.ayb.am/hy/reports: Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում բոլոր ֆինանսական միջոցները ծառայեցվել են իրենց նպատակին և օգտագործվել համաձայն ԿԳ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի պայմանների:

 

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031