Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանը Տավուշի մարզպետարանին դատի է տվել: 2018թ. մայիսի 8-ին Մ. Հարությունյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ մարզպետարանի, Տավուշի մարզպետ (այժմ`նախկին) Հովիկ Աբովյանի 2018թ. ապրիլի 17-ի որոշումը իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ) անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջներով: Մայիսի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Սիմա Իսկանդարյանը հայցը վարույթ է ընդունել: Այս գործով հուլիսի 3-ին նախնական դատական նիստ էր նշանակված:
Հունիսի 12-ին կայացած Դեբեդավանի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթում Մ. Հարությունյանը հաղթել է, հունիսի 25-ին մարզպետ Վ. Ղալումյանը որոշում է ընդունել Մ. Հարությունյանին Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն նշանակելու, նրա հետ 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ:
2018թ. մարտի 17-ին`աշխատանքային օրը, Դեբեդավանի դպրոցում դասեր չեն կայացել, սակայն այդ օրը դպրոցի 8 ուսուցիչ դասամատյաններում աշակերտներին գնահատականներ են նշանակել: Այդ առթիվ Տավուշի մարզպետարանը դիմել է Տավուշի դատախազություն , քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով («Փաստաթղթեր կեղծելը» ):
Հունիսի 22-ին Դեբեդավանի դպրոցի մի խումբ ուսուցիչներ ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում են տվել, հայտնելով, որ Մ. Հարությունյանն իր ազգականներից 3-ին գրանցել է որպես դպրոցի աշխատողներ, սակայն նրանք աշխատանքի չեն ներկայանում: Այդ հաղորդման հիման վրա ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննիչը եղել է Դեբեդավանի դպրոցում, քննչական գործողություններ կատարել: Պարզվել է, որ նշված աշխատողները դպրոց աշխատանքի չեն ներկայացել, սակայն աշխատավարձ են ստացել;
Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»), քրեական գործը քննության համար ուղարկվել է նախաքննության մարմին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարում՝ Մարինե Հարությունյանը