Լրահոս
Օրվա լրահոսը

Բուլղարացի ռեժիսորի մրցանակակիր ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրանին»

Հուլիս 06,2018 14:36

Հոբելյանական 15-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում կցուցադրվի բուլղարացի ճանաչված ռեժիսոր Իլիյան Ջեւելեկովի «Ամենագոն» (OMNIPRESENT) ֆիլմը: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանատնից, ֆիլմի պաշտոնական ցուցադրությունը կկայանա հուլիսի 9-ին, ժամը 17. 30-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում:

«Ամենագոն» մի շարք մրցանակներ է ստացել ազգային մրցանակաբաշխություններում, այդ թվում ` Սոֆիայի կինոփառատոնում: Ֆիլմը ներկայացնում է ժամանակակից հասարակության առջեւ ծառացած խնդիրները եւ մարտահրավերները, մարդկային եւ ընտանեկան հարաբերությունները մի աշխարհում, որտեղ գերակշռում են տեխնոլոգիան, տեսախցիկները եւ սենսորները, ու այդ ամենի համատեքստում` տեխնոլոգիաների գերի մարդուն:

Նշենք, որ Իլիյան Ջեւելեկովը հոգեբանություն է ուսանել Սոֆիայի համալսարանում: Ավարտել է Սոֆիայի թատրոնի և կինոյի ազգային ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի բաժինը: 1993-ին նրա «Ես ուզում եմ ազատ լինել» ֆիլմը Վառնայի «Ոսկե վարդ» կինոփառատոնում արժանացել է լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար նախատեսված մրցանակին:

1994-2000թթ. Ջեւելեկովը պրոդյուսեր և ռեժիսոր է եղել «Կու-Կու» կինոընկերությունում: 2001-ին Մատեյ Կոնստանտինովի և Գեորգի Դիմիտրովի հետ հիմնել է «Միրամար ֆիլմը», որն այսօր Բուլղարիայում վավերագրական ու խաղարկային ֆիլմեր և գովազդային հոլովակներ արտադրող առաջատար ընկերությունների թվում է:

Ջեւելեկովը տասնյակ վավերագրական ֆիլմի եւ հեռուստահոլովակների ռեժիսորն ու պրոդյուսերն է: Նրա «Կուբան երաժշտություն է» վավերագրական ֆիլմի պրեմիերան 2009-ին կայացել է Սոֆիայի միջազգային կինոփառատոնում, ապա ֆիլմը ներկայացվել է մի շարք փառատոներում ու կինոշուկաներում: Ռեժիսոր Յավոր Գըրդեւի «Ձիֆտը» ֆիլմը Ջեւելեկովի առաջին լիամետրաժ խաղարկային աշխատանքն է՝ որպես պրոդյուսերի: 2008-ին այն Մոսկվայի միջազգային կինոփառատոնում «Արծաթե Սբ Գևորգ»` ստացավ լավագույն ռեժիսուրայի համար: «Ձիֆտը» բարձր գնահատականի է արժանացել Թորոնթոյի, Մելբուռնի, Մար դել Պլատայի, Ստամբուլի եւ այլ փառատոներում, վաճառվել Եվրոպայում ու ԱՄՆ-ում: «Ձիֆտը» վերջին քսան տարում Բուլղարիայում ամենամեծ հաջողությանն արժանացած հայրենական ֆիլմն է:

Ջեւելեկովի առաջին խաղարկային աշխատանքը` Love.net-ը, բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր բուլղարական կինոնկարների տասնյակում է: Ֆիլմի միջազգային պրեմիերան կայացել է Մոսկվայի միջազգային արտամրցութային ծրագրում: Love.net-ը ներկայացվել է Բրատիսլավայի, Բահամյան կղզիների և այլ կինոփառատոնների մրցութային ծրագրերում, լավագույն ռեժիսուրայի համար արժանացել Բուլղարական կինոակադեմիայի մրցանակին:

Ինչ վերաբերվում է «Ամենագոն» ֆիլմին, այն, ինչպես եւ Love.ne-ը, հիմնված է Ջեւելեկովի մտահղացման վրա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Ռեժիսորի լուսանկարը` նրա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031