Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետական սահմանափակ ռեսուրսները օգտագործելու իրավունքները պետք է տրամադրվեն բացառապես մրցութային կարգով

Հուլիս 06,2018 14:24

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն, պարզելու, թե ինչ սկզբունքներով են պետական տարբեր գերատեսչությունների կողմից տրամադրվում բացառիկ լիցենզիաների, համաձայնությունների և քվոտաների թույլտվությունները: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ասենք, ձկան և խեցգետնի արդյունահանմանը, հանքերի շահագործմանը, անտառահատմանը, պետական գույքի վարձակալությանը, Սևանի ափամերձ տարածքների վարձակալմանը, դպրոցներում սննդի կազմակերպման համար տարածքների տրամադրմանը, բացօթյա առևտրի կազմակերպմանը, արտաքին գովազդային վահանակների տեղադրմանը և այլն:

Հանձնաժողովը ուսումնասիրել է 27 պետական մարմինների կողմից վերոնշյալ թույլտվությունների տրամադրման գործընթացները, որի շրջանակներում դիտարկվել է շուրջ 600 իրավական ակտ: Արդյունքում, ՀՀ ՏՄՊՊՀ-ը բացահայտել է ոչ մրցակցային հիմունքներով, առանց մրցութային կարգի իրականացվող 45 գործառույթներ, որոնց մասով առկա են 3 հիմնական խնդիրներ. Եւ այսպես.

1.Տարբեր գերատեսչությունների կողմից սահմանափակ ռեսուրսներից օգտվելու թույլտվությունների տրամադրում

Առանձնացված կարևորագույն խնդիրներից մեկը վերաբերում է պետական մարմինների կողմից պետությանը պատկանող սահմանափակ ռեսուրսների օգտագործման իրավունքների ոչ մրցակցային կարգով տրամադրմանը: Օրինակ, առևտրային նպատակով ձկան, խեցգետնի և այլ պաշարների, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանումը մեր երկրում համարվում է սահմանափակ ռեսուրսի օգտագործում: Տվյալ թույլտվությունը ստանալու համար, սահմանված կարգի համաձայն, հայտատուն պետք է ներկայացնի դիմում, որի հիման վրա էլ առանց կոնկրետ չափորոշիչների, լիազոր պետական մարմինը նախապատվությունը, տվյալ պարագայում բիզնես գործունեություն իրականացնելու իրավունքը տալիս է իր նախընտրած հայտատուին: Այսինքն, ստացվում է, որ, որոշ տնտեսվարողներ կամայական կերպով հնարավորություն են ստանում օգտվելու պետական սահմանափակ ռեսուրսներից, իրականացնել բիզնես գործունեություն, իսկ մյուսները հայտնվում են անհավասար մրցակցային պայմաններում: Կամ, ասենք, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բացօթյա առևտրի կամ հանրային սննդի կազմակերպման համար տարածքների տրամադրման գործընթացի ժամանակ ևս մրցույթներ չեն հայտարարվում և դարձյալ կամայական կերպով մի դիմողի հայտը կարող է բավարարվել, իսկ մյուսինը՝ ոչ: Նման երևույթները բազմաթիվ են և Հանձնաժողովի գնահատմամբ կարող են էապես բացասաբար անդրադառնալ մրցակցային ընդհանուր իրավիճակի վրա:

2.Պետական գերատեսչությունների ենթակայության տակ գործող կառույցների կողմից բիզնես գործառույթների իրականացումը

Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են նաև խնդիրներ, որոնք վերաբերում են պետական գերատեսչությունների կամ նրանց ենթակայությամբ գործող մարմինների կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացմանը: Մի շարք դեպքերում առևտրային գործունեությամբ զբաղվող մասնավոր ընկերությունը հայտնվել է անհավասար մրցակցային պայմաններում՝ նույն գործունեությամբ զբաղվող պետական մարմնի նկատմամբ: Օրինակ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մատուցում է ծառայություններ հանգստի և զբոսաշրջության հետ կապված, ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ ԱՆ թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացնում է վճարովի թարգմանչական գործունեություն, ՀՀ բնապահպանության նախարարության ‹‹Խոսրովի անտառ›› պետական արգելոց›› ՊՈԱԿ-ը իրականացնում է գիշերակացի տրամադրում: Հարկ է նշել, որ վերոնշյալ կառույցները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներից, չեն վճարում ձեռնարկատիրական գործունեության համար սահմանված հարկեր, տիրապետում են ավելի շատ ֆինանսական միջոցների, ինչի արդյունքում էլ մրցակցային առավելություններ են ստանում նույն գործունեությամբ զբաղվող մասնավոր ընկերությունների հանդեպ:

3.Պետությանը պատկանող գույքի օտարման կամ վարձակալության տրամադրումը

Բացահայտվել են նաև որոշակի խնդիրներ՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի և հողատարածքների վարձակալության կամ օտարմանը ոլորտում: Ինչպես գիտենք, այն իրականացվում է Պետական գույքի կառավարման վարչության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գերատեսչությունների կողմից: Շատ դեպքերում, մրցույթները չեն անցկացվում հրապարակային և տեղեկատվությունը ոչ բոլոր տնտեսվարողներին է լինում հասանելի: Օրինակ, ԲՈՒՀ-երում, դպրոցներում կամ այլ ուսումնասական հաստատություններում բուֆետների տարածքների տրամադրումը:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր խոսքում նշեց, որ պետական մարմինների կողմից թույլատվությունների և լիցենզիաների տրամադրումը պետք է իրականացվի բացառապես մրցակցային հիմունքներով՝ ստեղծելով հասանելի և հավասար պայմաններ բոլոր մասնակիցների համար, ինչպես նաև լինեն թափանցիկություն և հրապարակայնություն. «Պետական սահմանափակ ռեսուրսներից օգտվելու կամ գույք և հողատարածքներ վարձակալելու ցանկություն ունեցողները պետք է հնարավորություն ունենան տեղեկանալու առկա հնարավորությունների մասին, և, միաժամանակ, պետք է հայտերի հանձնման կամ դիտարկման ժամանակ բացառվեն հայեցողական մոտեցումների դրսևորումները»: Հանձնաժողովի նախագահը նաև ընդգծեց, որ ուսումնասիրությունները փաստում են, որ պետք է հնարավորինս բացառել գերատեսչությունների կամ վերջիններիս ենթակայությամբ գործող մարմինների կողմից առևտրային գործունեության իրականացումը, ինչը կնպաստի մի շարք ոլորտներում բիզնեսի զարգացմանը»:

Ա. Շաբոյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ այս մոտեցումը բխում է ոչ միայն քաղաքացու շահերից, որը հնարավորություն է ստանում թափանցիկ և նպաստավոր պայմաններով գործունեություն իրականացնելու, այլ նաև պետության, քանի որ հայտարարված մրցույթների կամ աճուրդների արդյունքում հնարավոր կլինի տվյալ ռեսուրսը օգտագործելու նախապատվությունը տալ առավել բարձր գին և բարենպաստ պայմաններ առաջարկող մասնակցին՝ էականորեն ավելացնելով բյուջեի եկամուտները:

ՀՀ ՏՄՊՊՀ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031