Մեր արգենտինահայ հայրենակից, կինոգործիչ, դերասան, լրագրող Ջեք Պողոսյանը արդեն չորրորդ անգամ նախաձեռնել է Ուրուգվայական ֆիլմերի փառատոն Երեւանում, որն անցկացվում է Ուրուգվայի զբոսաշրջության, սպորտի, կրթության և մշակույթի նախարարության, Արգենտինյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և այլ կառույցների հովանու ներքո: Ֆիլմերի ցուցադրությունը սկսվել է հուլիսի 5-ից՚ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, ուրուգվայական կինոյի օրերը կավարտվեն հուլիսի 7-ին:
Ի դեպ, հենց Ջեք Պողոսյանն է ժամանակին նախաձեռնել Հայաստանի և Ռիո դե լա Պլատա գետի երկրների միջև մշակութային փոխանակում՝ կազմակերպելով արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություն Երևանում:
Aravot.am-ի հետ զրույցում Ջեքն ասաց, որ ուրուգվայական Ֆիլմերի ցուցադրության նպատակն է ներկայացնել ուրուգվայական ֆիլմերի առանձնահատկությունը՝ շեշտելով, որ կինոն յուրատեսակ մշակութային գործիք է, որը կարող է նպաստել երկու երկրների միջեւ մշակութային կապերի խորացմանը: Ի դեպ, Ուրուգվայն առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այստեղ հայկական մեծ համայնք կա:
Ջեք Պողոսյանը մտադիր է ֆիլմերը, որոնք օրիգինալ լեզվով են՝ անգլերեն ենթագրերով, տրամադրել հայաստանյան բուհերին, մասնավորապես ԵՊՀ-ին՝ անվճար ցուցադրության համար: Ցանկություն ունի նաեւ անգլերեն եւ իսպաներեն գրքեր նվիրել մայր բուհին: Ուրուգվայական փառատոնի այս տարվա ֆիլմերն են՝ Անա Կացի «Զբոսայգու իմ ընկերուհին», որը 2016 թ.-ին արժանացել է Սանդանս փառատոնի լավագույն սցենար մրցանակին, Դիեգո Արսուագայի «Վերջին գնացքը», Սան Սեբաստիան փառատոնի բացահայտում Ադրիան Բինիեսի «Ալիքները»:
Ջեք Պողոսյանը կարեւորում է Ուրուգվայի զբոսաշրջության, սպորտի, կրթության եւ մշակույթի հայուհի նախարար Լիլյա Քեշիշյանի դերակատարությունը, ասում է, որ նա միշտ ձեռք է մեկնում հայանպաստ ձեռնարկներին:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Ջեք Պողոսյանի՝ Բորխեսի մասին ֆիլմին, որի վերաբերյալ նա ժամանակին որոշ տեղեկություններ էր հաղորդել Aravot.am-ին: Ասաց, որ այն անիմացիոն ֆիլմ է լինելու, շնորհանդեսը նախ Ֆրանսիայում կկայանա: Ֆիլմը անվանել է «Օգոստոս 25, 1983»:
Ջեքը պատրաստվում է գիրք գրել հայկական խոհանոցի մասին, ասում է, որ գաստրոնոմիան եւս մշակույթի գեղեցիկ մասն է: Նաեւ ֆիլմ կնկարի այդ մասին, որտեղ կերեւա Հայաստանի գեղեցիկ բնությունը:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ «Ոսկե ծիրանին», քանի որ փառատոնի շրջանում միշտ Ջեք Պողոսյանն այցելում է հայրենիք եւ մասնակցում բոլոր միջոցառումներին: Նա հիշեց, որ առաջին անգամ փառատոնի հիմնադիրներ Հարություն Խաչատրյանի եւ Սուսաննա Հարությունյանի հետ ծանոթացել է Բուենոս Այրեսում՝ մեկ այլ փառատոնի ժամանակ: Հետո սկսել է մասնակցել «Ոսկե ծիրանին»: Կարծում է, որ այն միշտ բարձր է պահում նշաձողը: Արգենտինացի կինոգործիչը կարեւորում է նաեւ փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագիրը, ասում է՝ այդ բոլոր ֆիլմերը մեկտեղված միայն «Ոսկե ծիրանի» շրջանակում է հնարավոր դիտել:
«Ոսկե ծիրանի» դերակատարությունը կարեւոր է ողջ տարածաշրջանի համար…Ես էլ անձնապես երախտապարտ եմ «Ոսկե ծիրանին», որի շնորհիվ Հայաստանում նորից ծնվեցի, Հայաստանում ես հայերեն եմ խոսում, երբ գալիս եմ Երեւան՝ «Ոսկե ծիրանի» շնորհիվ»,-նշեց Ջեք Պողոսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` հեղինակի: