Այսօր Ջերմուկում տեղի ունեցող Ամուլսարի շահագործման թեմայով քննարկման ժամանակ , որին ներկա էին բնապահպաններ, քաղաքացիներ եւ նաեւ Ամուլսարի շահագործմամբ զբաղվող Լիդիան Արմենիայի ներկայացուցիչները, բուռն բանավեճ սկսվեց կողմերի միջեւ: Ոչ բնապահպաններն էին հակված, որպեսզի ժամանակ տան Ամուլսարի շահագործման վերաբերյալ փաստեր հավաքվեն, ոչ ընկերության ներկայացուցիչներն էին ուզում սպասել՝ մինչեւ այդ գործընթացները տեղի ունենան: Ընկերության տնօրենն առաջարկեց ԱԱԾ-ին մտնել Լիդիան Արմենիա՝ հանքի շահագործման համար տրված լիցենզիայի օրինականությունը ստուգելու նպատակով: Սա տնօրենն ասաց ի պատասխան վարչապետի այն ասածի, որ հանրության մոտ կասկածներ կան, որ լիցենզիան տրամադրելու գործընթացներում կան որոշակի կոռուպցիոն ռիսկի կասկածներ:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որն է այն օպտիմալ ժամանակը, որ ընկերությունը կարող է տալ, որպեսզի այդ փաստահավաք գործընթացը սկսեն: Տնօրենն ասաց, որ այն երկու հարցերը՝ ջրերի որակի վրա ազդեցությունը եւ Ջերմուկ քաղաքին վնասներ պատճառելու հարցը, երկուսն էլ բավականին աշխատատար գործընթացներ են. «Ես, որպես մասնագետ, կարծում եմ, որ երեք ամիս անհրաժեշտ է»:
Վարչապետը պատասխանեց՝ երեք ամիսը շատ է ձեզ համար՝ ինչքա՞ն ժամանակ կարող եք տալ՝ տասը օր, քսան օր, մեկ ամիս, ինչքա՞ն ժամանակ կարող եք տալ:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը նույնպես մասնակցում էր քննարկումներին, ասաց, որ պայմանագիրը պետք է կանգնեցվի, սառեցվի, քանի որ համայնքները չեն տվել իրենց համաձայնությունը. «Այսօր պահանջ ենք դնում, որ մեզ տրամադրվեն բոլոր իրավական ակտերը եւ այն պայմանագրերը, որոնք որ կնքվել են այդ ժամանակ: Եթե մեզ վախեցնում են ինչ-որ դատարանով, մենք էլ ենք պատրաստվում տալ դատարան: Եկեք մենք ոչ թե պարտվողական դիրք ընդունենք, այլ ֆիքսենք, որ նախեւառաջ՝ խախտվել են ամենակարեւոր նորմը, եթե չկա համայնքնի համաձայնությունը, որեւէ պայմանագիր չի կարող օրինական համարվել»:
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ շատ լավ, բայց եթե դուք կառավարության դիրքորոշումը նկատի ունեք, խնդրում եմ պարտվողական բառը չօգտագործեք:
Նիկոլ Փաշինյանին պատասխանեց Լիդիան Արմենիայի նախագահը՝ ներկայացնելով ընկերության պատմությունը, ասաց նաեւ, որպես ընկերություն, շատ թափանցիկ են աշխատում: Ընկերության նախագահը նաեւ ասաց, որ ինքը հանքարդյունաբերման ինժեներ է եւ մոտ 400 միլիոն դոլարի ներդրում են արել եւ այդ շահագործումից կշահեն բոլորը: Այն հարցին, թե որքան կարող են սպասել, ընկերության նախագահն ասաց, որ ամեն օրը, որը հնարավորություն չեն ունենում աշխատել, ինքը պետք է շուկայից 500 հազար ներգրավի եւ ընկերությունն արդեն հնարավորություն չունի աշխատելու արդեն 26 օր. «Սա նշանակում է, որ ֆինանսական տեսակետից 14 միլիոն դոլար պետք է վճարենք: Երբ մեր ներդրողները նայում են այս իրավիճակին, հարցնում են՝ արդյոք պե՞տք է շահագործենք, թե՞ թողնենք գնանք: Ամեն օրը ընկերության համար, որ ինքը չի աշխատում, ահռելի ծախսեր են»:
Վարչապետը կրկնեց հարցը՝ որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի այդ փաստերը հավաքվեն: Ընկերության նախագահը պատասխանեց, որ իրենք բաց են համագործակցելու համար եւ որ ստուգումները կարող են անցկացվել իրենց աշխատանքին զուգահեռաբար:
Վարչապետն ասաց, որ կառավարությունը հավաքագրված փաստերը կքննարկի եւ իր մտահոգությունը կհայտնի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ