Լրահոս
Օրվա լրահոսը

Թելեր, գունավոր թղթեր. «Ծառուկյան» դաշինքն առաջարկում է անվավեր ճանաչել ավելորդ իրերով քվեածրարները

Հուլիս 06,2018 13:34

Ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի այսօրվա նիստում «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներից Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց խմբակցության առաջարկներից մեկը՝ արգելել համատիրություններին իրենց տարածքները տրամադրել որպես ընտրական շտաբներ:

«Ինչպես հայտնի է, նախորդ ընտրություններում համատիրությունների գրասենյակները ծառայել են ՀՀԿ-ին: Առաջարկում ենք դա արգելել, որպեսզի համատիրությունները չքարոզեն որեւէ քաղաքական ուժերի օգտին առհասարակ»,-ներկայացրեց Սերգեյ Բագրատյանը:

Մյուս խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն այս հարցի շուրջ առարկություններ չունեին:

Ապա հնչեց մյուս առաջարկը՝ անվավեր ճանաչել այն քվեաթերթիկները, որոնց քվեածրարներում կլինեն ավելորդ իրեր եւ նշումներ: «Թելեր, գունավոր թղթեր»,-գործընկերոջ խոսքը շարունակեց աշխատանքային խմբում նույն խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը:

ՀՀԿ ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այնքան էլ չհամաձայնեց առաջարկի հետ. «Քվեաթերթիկի ծալքը անգամ կարելի է դիտել որպես անվավեր ճանաչելու հիմք, մինչդեռ ճիշտ չէ այդպես անվավեր ճանաչելը: Ներկայումս որոշ քվեաթերթիկներ արհեստականորեն են ճանաչվում անվավեր: Օրինակ՝ ասում են՝ «պտիչկայի ծայրը» ծռված է, ուրեմն՝ անվավեր է: Հանձնաժողովի անդամը, ըստ առկա օրենքի, եթե կասկածի տակ է դնում վավերականությունը, ահազանգում է այդ մասին»:

Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց մյուս առաջարկը՝ արգելել մեկ անձի կողմից մեկից ավելի ընտրողին օգնելը: Դավիթ Հարությունյանը նշեց, որ ներկա օրենսդրությունն արդեն իսկ սահմանում է այդ դրույթը, սակայն Բագրատյանը չհամաձայնեց. «Նախորդ ընտրություններում 79 000 մարդու օգնել են քվեարկել: Մենք առաջարկում ենք բժշկական փաստաթղթով հաստատել, որ մարդն առողջական խնդիր ունի եւ մենակ չի կարող քվեարկել: Ընտրողների մեծ մասը ցանկանում է իրեն ինչ-որ մեկն ուղեկցի՝ ոչ թե նրա համար, որ առողջական խնդիր ունի, այլ պետք է ապացուցի, որ այսինչ քաղաքական ուժին է ընտրում»:

Նաիրա Զոհրաբյանն էլ Առողջապահության նախարարության տրամադրած թվերից մեկը հրապարակեց՝ տեսողական խնդիրներ ունի ընտրելու իրավունք ունեցող 15 000 մարդ:

https://www.facebook.com/aravot.am/videos/2064762176875620/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031