Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ տարածքում ավելացել են մամուլի ազատության դեմ ոտնձգությունները. Հարլեմ Դեզիր

Հուլիս 06,2018 13:32

ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ահազանգել է, որ ԵԱՀԿ տարածքում ավելացել են մամուլի ազատության դեմ ոտնձգությունները: Դեզիրն իր մտահոգությունները ներկայացրել է Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդում ներկայացրած զեկույցում:

«Հարձակման, հրկիզումների և ֆիզիկական բռնության, այդ թվում սպանության սպառնալիքներից բացի՝ իմ միջամտությունների մեծ մասը վերաբերել է լրագրողների անվտանգությանը: Սա իմ թիվ մեկ առաջնահերթությունն է և պետք է առաջնահերթ մտահոգություն լինի նաև անդամ պետությունների համար, երբ խոսքը վերաբերում է մամուլի ազատությանը»,- ասել է Դեզիրը՝ նկատելով, որ միայն անցած տարում ԵԱՀԿ տարածքում սպանվել է 12 լրագրող և մամուլի աշխատակից:

Դեզիրը շեշտադրել է նաև մամուլի դեմ սպառնալիքների և ճնշումների վտանգավոր մթնոլորտը:

«Այսօր ԵԱՀԿ տարածքում ավելի քան 150 լրագրող բանտում են իրենց աշխատանքային գործունեության համար,- ասել է նա:- Մենք կշարունակենք բարձրաձայնել ազատազրկման յուրաքանչյուր գործ՝ կոչ անելով իշխանություններին հանել մեղադրանքները և հարգել մամուլի աշխատանքն ու անկախությունը, մինչև որ անարդարացիորեն ազատազրկված յուրաքանչյուր և բոլոր լրագրողներն ազատ արձակվեն»:

Բացի ֆիզիկական անվտանգությունից, այդ թվում առցանց տիրույթում անվտանգությունը հատկապես կին լրագրողների համար, մի քանի կարևոր մարտահրավերներ կան՝ կապված ԵԱՀԿ տարածքում խոսքի ազատության և բազմակարծության վերաբերյալ:

Դեզիրն իր ելույթում կոչ է արել բոլոր անդամ պետություններին ապահովել, որպեսզի համացանցը լինի բազմակարծության, ոչ թե գրաքննության և ճնշումների տարածք:

«Ես կշարունակեմ ընդգծել, որ մարդու իրավունքներն ո անվտանգությունը պետք է լինեն իրար փոխադարձաբար լրացնող, և պետությունները պետք է անեն ավելին՝ ապահովելու, որ դա արտացոլված է իրենց օրենքներում, քաղաքականության մեջ և գործնական աշխատանքում, այդ թվում համացանցային տարածությունում: Ինչ-որ մեկը կարող է քննադատել, մյուսը անհամաձայնություն հայտնել, երրորդն էլ անգամ «դիսլայք» անել, բայց ժողովրդավարությունների պարտականությունն է ընդունել, հարգել և պաշտպանել բազմազանությունը և բոլոր ձայների ազատությունը»,- ասել է Դեզիրը:

Նա նաև ողջունել է անցյալ տարի 14 լրագրողների ազատ արձակումը, որոնց հարցը բազմիցս բարձրացվել էր համապատասխան մարմինների կողմից:

Իր մանդատի առաջին տարում Դեզիրը միջամտություն է ներկայացրել ԵԱՀԿ անդամ պետություններից 40-ում, այցելել է 28 երկիր:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031