Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Վ. Հարությունովի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

Հուլիս 06,2018 13:19

03.07.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի շրջանակներում 05.07.2018թ.-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին:

Այսպես, Վյաչեսլավ Հարությունովի որդին 2012 թվականին տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը` դարձել է աշխարհի չեմպիոն, որով պայմանավորված` Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Վյաչեսլավ Հարությունովին խոստացել է օժանդակել նրա որդուն ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում:

2018 թվականի հուլիսի 2-ին` Օլիմպավան մարզահամալիրում, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո` ժամը 18:30-ի սահմաններում, Վ. Հարությունովը մոտեցել է Գագիկ Ծառուկյանին` կրկին հիշեցնելով որդու հարցը կարգավորելու վերաբերյալ նախկինում նրա տված խոստումը: Խոսակցությունը շարունակվել է մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, որտեղ, Էդուարդ Բաբայանը` խմբով, Վ. Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` գլխուղեղի ցնցման, դեմքի և կրծքավանդակի վնասվածքների, կողոսկրի կոտրվածքի և աջակողմյան պնևմոթորաքսի ձևով` ուղեկցված սուր շնչառական անբավարարությամբ:

05.07.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Էդուարդ Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել և Է. Բաբայանը կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031