«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանն ազատ արձակվելուց հետո այսօր եկել է աշխատանքի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիմնադրամի մամուլի խոսնակ Անուշ Մարտիրոսյանը։
«Հիմնադրամը շարունակում է անխափան աշխատել, ստանում է նվիրատվություններ, բոլոր ծրագրերը նախատեսված կարգով ընթանում են», – տեղեկացրեց խոսնակը։
Նրա խոսքով՝ Արցախի Թաղասեր գյուղում համայնքային կենտրոնի բացում է տեղի ունեցել, իսկ հուլիսի 14-16-ին դարձյալ Արցախում կայանալու են տների, համայնքային կենտրոնի բացում։
«Աշխատանքային գործընթացում որևէ բան չի փոխվել։ Հիմնադրամից չկա և չի եղել որևէ լումայի պակասորդ», – մեզ հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Արա Վարդանյանին, որը ձերբակալվել էր հուլիսի 2-ին։ Արա Վարդանյանը ԱԱԾ-ի կողմից կասկածվում էր յուրացումներ կատարելու մեջ։
Հասմիկ Համբարձումյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում