Ջերմուկի բնակիչ Կորյուն Ստեփանյանը վարչապետի հետ հանդիպման ժամանակ, երբ դահլիճում բնապահպանների եւ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվում էր Ամուլսարի շահագործման խնդիրը, ասաց, որ վարչապետի նշած երկու կարեւոր հարցերից բացի, կա նաեւ եւս մեկը, որը նույնպես շատ կարեւոր է: Ըստ նրա, քանի որ թույլտվությունները տրվել են նախորդ կառավարությունների ժամանակ, եւ պարզ չէ, ինչ հիմքերով, առաջին քայլը պետք է այն լինի, որպեսզի իրավականությունը ստուգվի. «Քանի որ բոլոր լիցենզիաների, թույլտվությունների մասին է խոսքը, քանի որ հենց դրանցից է առաջացել բոլոր խոսակցությունը ժողովրդի մեջ: Եթե նրանք թույլտվությունը ստացել են կոռուպցիոն ճանապարհով, կառավարությունն այլեւս մտածելու հոգ չի ունենա, թույլտվություններն ինչ ճանապարհով են ստացել, կտա հարցերի պատասխանները»:
Վարչապետն ասաց, որ դրանք էլ են ստուգվելու:
Ջերմուկի բնակիչը շարունակեց. «Մենք բոլորս քիմիկոսներ չենք, երկրաբաններ չենք եւ յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ հասկանում է, թե այդ հանքը մահաբեր հանք է: Կան տեսանյութեր, թե ինչպես է Լիդիանը թունավորված ջրերը կոծկում գետնի տակ: Ամբողջ աշխատանքները նախագծից շեղված են»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը ասվածի մասով ոչ մի պատճառ չունի չհետաքննելու. «Այն ինչ-որ ասում եք, պարզվի, որ իրականություն է, մեր բնապահպանության նախարարը, բնապահպանության տեսչության ղեկավարն ասում են, որ մենք այդ ամենը ստուգելու եւ ճշտելու հնարավորություն ունենք, այդ թվում ձեր եւ Լիդիանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որ եթե այդպիսի բաներ տեղի ունեցել են, այդպիսի մարդիկ կանգնեն քրեական պատասխանատվության առաջ: Բայց, դա չի կարող լինել, ուղղակի հայտարարությունների հիման վրա, որովհետեւ մարդուն դատապարտում են ապացույցների հիման վրա»:
Լիդիան Արմենիա ընկերության ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը հակադարձեց. «Ընկերությունը չի ընտրում ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում,-Լ.Բ.) գործընթացի մեջ ովքեր են ազդակիր համայնքները: Օրենքը հստակ ասում է, եթե ազդակիր համայնքը մեկից ավելին է, ապա տեղը եւ վայրը լսումների ընտրում է պետությունը, մասնավորապես՝ կառավարության վերջին որոշման համաձայն, լսումներն անց են կացվում այն համայնքում, որի վարչական տարածքներում իրականացվում է գործունեությանը, այն ժամանակ Ջերմուկում չէր արվում: Ընկերությունը երկու զուգահեռ գործընթացով է անցնում՝ միջազգային եւ տեղական: Միջազգայինի մեջ մտած բոլոր հանրային լսումները անց են կացվել նաեւ Ջերմուկում»:
Ապա դիմելով Բնապահպանության նախարարին՝ Արմեն Ստեփանյանն ասաց, որ շատ կարեւոր է մեթոդաբանությունն իմանալ, քանի որ արդյունքը կախված է ճիշտ մեթոդաբանությունից. «Հետազոտությունը սկսելուց առաջ, եթե մեթոդաբանությունը չկա, ապա ի սկզբանե արդյունքները հարցականի տակ են»:
Նա առաջարկեց, հնարավորինս հավասարակշռված փորձագետների խումբ հավաքել, այլ ոչ թե հիմնականում այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ միայն զբաղվել են Ամուլսարի շահագործումը քննադատելով»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ