Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրատեղամասում «հաստիքով թոռնիկ» աշխատող օգնողների հարցը լուծվելու է. Իոաննիսյանի առաջարկը

Հուլիս 06,2018 12:42

Այսօր հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները կառավարությունում վարչապետին առընթեր «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի հետ քննարկեցին ԸՕ-ում իրենց շահառուների հետ կապված կարգավորումները:

«Աստղիկ» միության նախագահ Լեւոն Ներսիսյանն ասաց, որ գործազուրկ ճանաչված մարդիկ ընտրելու իրավունք չունեն, բայց ընտրողների ցուցակում իրենց ընդգրկում են. «Մի կողմից մարդկանց զրկում ենք ընտրելու իրավունքից, մյուս կողմից ցուցակներում ընդգրկում ենք: Տարիներ գոյություն ունեն: Պետք է հստակություն մտցվի: Անգործունակ մարդիկ որտե՞ղ են գտնվում՝ մի մասը Խարբերդում, Վարդենիսում, մի մասը՝ ընտանիքներում, այդ մարդկանց իրավունքներն ո՞վ է պաշտպանելու»:

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ սահմանադրական նորմ է, անգործունակ ճանաչված մարդիկ իրավունք չունեն ընտրել ու «Ընտրական օրենսգրքում» ինչ էլ գրեն, անիմաստ է: Այլ հարց է, որ պետք է պարզել, թե ինչպես են այդ մարդիկ ցուցակում հայտնվում, ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը պետք է այդ մարդկանց հանի ընտրողների ցուցակից. «Ինչ վերաբերում է օգնելու ինստիտուտին, դա վերաբերում է այն անձանց, որոնք անգործունակ չեն, բայց ինչ-ինչ պատճառով չեն կարող քվեարկել, չեն տեսնում, կամ ձեռքերի շարժունակությունն է սահմանափակված: Մեդալն այս մասով ունի երկու կողմ՝ մի կողմից պետք է ապահովել, որ մարդը, անկախ նրանից, թե ինչ խնդիրներ ունի, իր ընտրելու իրավունքի իրացումն ապահովվի, մյուս կողմից ունենք դրա չարաշահման խնդիրը: Նախորդ ընտրությունների ժամանակ, ըստ գրանցամատյաններում գրանցումների, 70 հազար 500 մարդ քվեարկել է օգնողներով, ինձ հետ կհամաձայնեք, որ այդ մարդկանցից առնվազն 50 հազարը կարող էին ինքնուրույն քվեարկել»:

Հիմա հանձնաժողովն ուզում է ամրագրել, որ օգնողը կարող է լինել միայն ընտրատեղամասի ընտրող, մեկ անձը կարող է միայն մեկ անգամ օգնել: Թե ինչ կտա դա՝ Իոաննիսյանը բացատրեց. «Նախորդ ընտրություններում կային մարդիկ, որ հաստիքով թոռնիկ էին ու տարբեր տեղամասերում տասը տատիկ-պապիկ ունեին, դա ոչ մի տեղ չէր ստուգվում ու չէր վերահսկվում: Եթե սահմանափակում դրվի, որ ինքը լինի տվյալ տեղամասի ընտրող, կարող են վերահսկել, ինքը երկրորդ անգամ պետք է գրանցվի գրանցամատյանում, որը թույլ չեն տա, կերեւա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031