«Հակված չեմ կարծելու, որ մեր երկրում ինչ-որ բան է փոխվել։ Ես մնում եմ իմ նախկին տեսակետին։ Դեռ չեմ կարող ասել՝ առաջիկայում ինչ-որ բան կփոխվի, թե ոչ, բայց կյանքը ցույց է տալիս, որ իշխանությունը կրկին կառուցված է մեկ անձի շուրջ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։
Մնջախաղի թատրոնի ղեկավարը պատրաստ է հավատալ նոր իշխանությանը, բայց միայն մի պարագայում. «Ես 20 տարի պայքարել եմ նախորդ իշխանության դեմ միայնակ, ոչ ոք իմ կողքին չի եղել։ Իմ թատրոնով աշխատել եմ անհավասար պայմաններում, ստեղծել եմ որակյալ պրոդուկտ։ Այս մասին ես հանգիստ եմ ասում։ Ստեղծել եմ այնպիսի թատրոն, որն այսօր աշխարհի տարբեր երկրներից ստանում է հրավերներ, այդ երկրների հաշվին գնում ենք փառատոների, մշակույթի նախարարությանը չենք էլ անհանգստացնում։ Եվ սա այն թատրոնն է, որը միջանցքներում աշխատելով՝ հասել է այս օրվան։ Միայնակ պայքարել է, որ պետական թատրոնին շենք հատկացվի։ Եվ կարծես թե եկել- հասել էինք այն կետին, որ պետք է շենք ունենայինք, ու մեկ էլ ամեն ինչ կանգնեց։ Երթ ներկայիս իշխանությունն առանց ինձ հարցնելու, տեսնելով մեր կատարած աշխատանքի ծավալը, ժանրային առանձնահատկություն ունեցող թատրոնի արածը, կկառուցի այդ շենքը, ու մեզ կհրավիրի, որ գնանք, այնտեղ աշխատենք, այդ ժամանակ կհավատամ, որ ժողովրդական իշխանություն է եկել»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին, խոսելով Նիկոլ Փաշինյանի եւ նրա առաջնորդած շարժման մասին, Ժիրայր Դադասյանը հարցազրույցներից մեկում ասել էր. «Նիկոլ Փաշինյանն իրեն դրել է փոքրիկ Ռոբեսպիեռի տեղը, թավշյա հեղափոխության անվան տակ իր շահերն է առաջ տանում… Արդեն որերորդ անգամ իրեն շատ հատուկ մանիպուլյացիաներով, իր քաղաքական նպատակներին հասնելու համար, սոցիալական խնդիրներ բարձրացնելով՝ իր իսկ համար միավորներ է հավաքում։ Իհարկե, ժողովրդի շատ մեծ զանգված կա, որ դժգոհություններ ունի, ու Նիկոլ Փաշինյանը, այդ առիթն օգտագործելով, օգտվում է»։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
այդ դուք եք պայքարել նախորդ իշխանությունների դեմ? դուք նախորդ իշխանություններին ծառայել եք անվերապահորեն, նրանց կողմից նշանակվել եք հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ ու վեց տարի պաշտոնավարել եք: Իսկ բոլորս գիտենք, որ ոչ մի պատահական մարդ չէր նշանակվում այդ հանձնաժողովի նույնիսկ շարքային անդամ, միայն իրանց համար վստահելի, կառավարելի ու կանխատեսելի մարդիկ էին նշանակվում, ինչպիսին դուք էիք