Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների արձագանքը՝ քրեական գործի հարուցմանը. «Հրապարակ»

Հուլիս 06,2018 12:23

Նախօրեին գլխավոր դատախազությունը հաղորդում տարածեց, որ Հանրային հեռուստաընկերությունում կատարված չարաշահումների փաստերով քրեական գործ է հարուցվել՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներից Նարա Շլեպչյանն ասում է, որ իրենց համար շոկ էր այդ հայտարարությունը, իսկ իր համար՝ ավելի մեծ։ «Ինձ համար դա շատ մեծ շոկ է, որովհետեւ ես ծնվել եմ այդ հեռուստատեսությունում եւ, կներեք ինձ, նաեւ ծնել եմ այդ հեռուստատեսությունը, հիմնադիրներից մեկն եմ, ու ոնց որ իմ զավակը լինի… այ, հիմա ես հուզվում եմ»,- ասաց տիկին Շլեպչյանն ու հավելեց, որ այս ընթացքում մի քանի սթրես է տարել, նույնիսկ հիվանդանոց է տեղափոխվել, երբ մամուլում «խորհուրդ», «հրաժարական տուր» կոչերն է կարդացել՝ իրենց բոլորի նկարներով. «Ես ցավում եմ, որովհետեւ հիմա դա այնպես են ներկայացնում, որ կարծես խորհուրդն է մեղավոր»։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, ըստ Շլեպչյանի, որոշեց պատասխանել դատախազության հայտարարությանը, որովհետեւ «մինչեւ այդ եկել ստուգել էին, տեսել էին, որ բոլոր թղթերն իրավական են, մենք կարծեցինք, որ արդեն բավարարված են դրանով, եւ հայտարարության միտքը սա էր, որ եկաք ստուգեցիք, համոզվեցիք, հիմա ի՞նչ… Ես ցավում եմ, որ նման բան է տեղի ունեցել կամ գուցե տեղի չի ունեցել։ Չեմ պատկերացնում, որ կարող է այդպիսի բան լինել, ես արդեն 62 տարի աշխատում եմ ազնիվ եւ անբասիր ու հիմա ամոթ եմ զգում»։

Տիկինը հույս է հայտնում, որ նման բան չի եղել, հակառակ դեպքում եթե պարզվի, որ դա իրոք այդպես է, ապա «ստիպված եմ հեռանալ… ես շատ անհարմար եմ զգում, հասկանո՞ւմ եք։ Արդեն Լոս Անջելեսից քանի հոգի զանգել ասում է՝ Նառ, չե՞ն ամաչում նման բան են անում…»։ Նարա Շլեպչյանը նկատում է. «Ինչ լավ է, որ իմ կոչումները սովետական ժամանակ եմ ստացել, հանկարծ հիմա չասեն՝ այդ ճանապարհով է ստացել»։

«Մենք դա համարել ենք ոչ կոռեկտ, որովհետեւ այդ հարցերն արդեն շոշափվել են, եւ դրանց տրվել է պատասխան թե՛ եթերում, թե՛ ԱԺ-ում,- ասում է խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանն ու հավելում։- Ֆինանսների նախարարն էլ է տվել պատասխան, որ դա յուրացում չէ, այլ՝ խախտում։ Այսինքն՝ եթե շինարարության համար նախատեսված գումարը ծախսվել է տեխնիկայի վրա եւ հակառակը, ապա դա ոչ թե յուրացում է, այլ՝ խախտում»։ Զաքարյանը նշում է, որ իրենք, անկախ ամեն ինչից, պատրաստակամ են ամեն ինչով օժանդակելու քննչական մարմիններին։

Նա համոզված է, որ ոչ մի յուրացման մասին խոսք լինել չի կարող. «Ես չեմ կարող դա ասել 120 տոկոսով, բայց գրեթե համոզված եմ, որ լուրջ բան չի կարող լինել, եւ հետո՝ եթե մեղադրանք կա, որ մենք պայմանագիր ենք կնքել որեւէ կազմակերպության հետ, որն ունի ավելորդ աշխատող, դա մեր խնդիրը չէ։ Օրինակ, ես հաղորդում եմ արել «Բարս մեդիայի» հետ՝ պատրաստելով «Հայաստանի առեղծվածները», ու ինձ մեղադրում էին, որ՝ որպես խորհրդի անդամ, ես իրավունք չունեի, բայց ես իրավունք ունեմ, որովհետեւ իմ պայմանագիրը եղել է «Բարս մեդիայի» հետ, ոչ թե Հանրային հեռուստաընկերության, եւ ես ինքս եմ ուզել, որ «Բարս մեդիան» անի, որովհետեւ մասնագիտացած են ու հաստատ Հ 1-ից լավ կանեին, դրա համար որոշեցինք իրենց հետ պայմանագիր կնքել։ Ու ես այդ պայմանագրով ամեն ֆիլմի համար ստացել եմ 150 հազար դրամ, որը ծիծաղելի է, որովհետեւ ուրիշ մի երկրում այդ գումարը կկազմեր 500-600՝ մինիմում»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031