Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Ամուլսարի հանքի շահագործել-չշահագործելու համար պետք է ստանա երկու հարցի պատասխան

Հուլիս 06,2018 12:14

Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչների, բնապահպանների հետ հանդիպումից հետո, արդեն գործնական քննարկման ժամանակ, որին ներկա էին ե՛ւ Ամուլսարը շահագործող Լիդիան ընկերության ներկայացուցիչները ե՛ւ բնապահպանները, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ստեղծված իրավիճակը կառավարությանը հուզում է. «Այն, ինչ անհրաժեշտ էր տեսնել հանքի եւ նրա շահագործման արեալի հետ, ես տեսա: Մենք ուղղաթիռով մի քանի պտույտ արեցինք հանքի վրա եւ հետո Ջերմուկից տեսանք: Այս գործընթացը սկսվել է արդեն 12 տարի եւ, եթե բոլոր գործընթացները տեղի ունենար մեր կառավարության օրոք, ես չէի ցանկանա, որ այսպիսի հանք գոյություն ունենար Ջերմուկ քաղաքի մոտակայքում: Բայց հիմա մենք ունենք իրավիճակ, ես տեսա, որ, իսկապես, ահռելի ծավալի ծախս է կատարվել ներդրում է կատարվել եւ, ըստ էության, դե յուրե, այդ ներդրումը կատարվել է ՀՀ կառավարության թույլտվությամբ եւ համաձայնությամբ: Գոնե այս պահին մենք չունենք տեղեկատվություն, որ ինչ որ բան, ինչ-որ կարգ խախտվել է: Դուք գիտեք, որ ստուգումներ են սկսվել, բայց անկախ ստուգումներից՝ այս այցն արդյունավետ եմ համարում այնքանով, որ հասանք հարցի էությանը, թե ինչ երկու հարցի պետք է պատասխանենք այս համատեքստում: Առաջինը՝ հանքի հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների որակի վրա եւ երկրորդ՝ հանքի շահագործման հնարավոր ազդեցությունն է Ջերմուկ քաղաքի, որպես առողջարանային կենտրոն»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ունեն նաեւ երրորդ իրավիճակը: Ըստ վարչապետի՝ հանքի հետ կապված իրավիճակը պետք է բացառապես հիմնված լինեն փաստերի այլ ոչ թե էմոցիաների վրա. «Զուտ տեսականորեն, կարելի է նաեւ էմոցիոնալ որոշումներ կայացնել, բայց մենք պետք է հասկանանք, որ էմոցիոնալ որոշումները, առավել եւս, պետական կառավարման համակարգում այնքան էլ օգտակար չեն, եւ երկրորդ՝ մենք ունենք իրավական վիճակ, դե յուրե վիճակ եւ դրա ամեն հանգուցալուծում ունի իր որոշակի զարգացումներն ու պոտենցիալը: Եվ եթե մենք այս իրավիճակում որեւէ ապօրինություն անենք, ապօրինություն, եթե ոչ մեր տեսակետից, գոնե միջազգային հարաբերությունների տեսակետից, մենք կարող ենք շատ բարդ խնդիրների առաջ կանգնել: Մենք պետք է ստանանք այդ երկու հարցերի պատասխանը»:

Վարչապետը հետաքրքրվեց՝ մենք բոլորով համաձա՞յն ենք, փորձագիտական եզրակացություններն ի գիտություն ընդունել եւ ըստ այդմ շարժվել. «Ի սկզբանե, եթե լիներ, ինձ մոտ քաղաքական մոտեցումը հետեւյալը կլիներ, որ պետք չէ Ջերմուկի մոտ հանք ունենալ, բայց մենք ունենք մի իրավիճակ, որ հանքի շահագործման գործի 80 տոկոսն արդեն արված է եւ սա, իրավիճակ է, որի հետ մենք պետք է հաշվի նստենք: Ցանկացած որոշում, որ պետք է կայացնենք, պետք է հիմնված լինի փաստերի վրա»:

Վարչապետն ասաց, որ հնարավոր է լինի այնպիսի վարկած, որ այս ամբողջ պատմության ողջ իմաստն այն է, որ ինչ-որ մարդիկ, ովքեր են նրանք, այս դահլիճում են, թե Հայաստանից դուրս են, փորձում են ստեղծել մի իրավիճակ, որ Հայաստանին մեծ, դատական գործընթացների մեջ ներքաշեն եւ այլն:
Վարչապետին դահլիճից արձագանքեցին՝ չկա այդպիսի բան:

Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ես չեմ ասում կա այդպիսի բան, ես չեմ ասում՝ չկա այդպիսի բան. «Քանի որ հիմա քննարկում ենք բոլոր հնարավոր վարկածները եւ մեր խոսակցությունները բաց են, ես հարկ եմ համարում ասել: Այս իրավիճակից ինձ ամենաշատը մտահոգում է հետևյալը, եթե այս խոսակցության մեջ լինեն մարդիկ, որ ասեն՝ մեզ չեն հետաքրքրում փաստերը, մենք ունենք մեր ճշմարտությունը եւ դա միակ ճշմարտությունն է եւ մեզ ոչինչ չի հետաքրքրում, դա մեզ համար մեծ պրոբլեմ է: Հետեւաբար, ես հույս ունեմ, որ ներկաներից որեւէ մեկը կասկած չունի, համոզված են, որ այս հարցում ես չունեմ ոչ մի շահագրգռություն, ոչ մի այլ նպատակադրում, բացի Հայաստանի հանրապետության շահը: Ես, գուցե իմ անձնական համակրանքները, որպես անհատ, ամեն բան ինձ համար ավելի թանկ է, քան ցանկացած ուրիշ երեւույթ, բայց վարչապետի կարգավիճակում ես պարտավոր եմ լինել հավասարակշռված»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երկու կարեւոր հարցի պետք է պատասխան տրվի՝ արդյոք հանքի շահագործումը ազդեցություն է ունենալու ջրային ավազանի վրա եւ աղտոտելու է ջրերը. «Կա երկու պատասխան՝ այո կամ ոչ, եւ երկրորդ հարցը՝ արդյոք նեգատիվ ազդեցություն է ունենալու Ջերմուկ քաղաքի՝ որպես առողջարանային կենտրոն զարգացման վրա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանի լուսանկարում. «Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը և Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը վարչապետին են ներկայացնում Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Ապա վարչապետն ուղղաթիռից դիտարկեց Ամուլսարն ու շրջակա միջավայրը՝ կրկին համադրելով կողմերի ներկայացրած փաստարկներն ու մտահոգությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031