Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն առաջարկում է ընտրական ցուցակում ամեն 3-րդը կին լինի, ՀԿ-ները դժգոհ են, պահանջում են 40% մասնակցություն

Հուլիս 06,2018 11:33

Վարչապետին կից «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այսօր հանդիպեց կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու կանանց մասնակցության քվոտայի եւ այլ հարցերի հետ կապված ԸՕ կարգավորումները:

Գործող օրենքով ցուցակում ամեն 4-րդը կին պետք է լինի եւ ամրագրված է, որ կին պատգամավորը, եթե բացարկ է հայտնում, կամ մանդատը վայր է դնում, նրա փոխարեն ոչ թե ցուցակի հաջորդ համարն է գալիս, այլ՝ հաջորդ կին թեկնածուն է գալիս: Այնուամենայնիվ, չնայած ամրագրված է, որ խորհրդարանի 20 տոկոսը պետք է կին լինի, բայց փաստացիորեն այսօր 18 տոկոս է, որը, ըստ Իոաննիսյանի, խայտառակ ցուցանիշ է. «Հանձնաժողովն արդեն ասել է, որ մենք հրաժարվում ենք ցանկացած ռեյտինգայինից, դրա ցանկացած դրսեւորումից, լինելու է համամասնական փակ ցուցակ եւ այստեղ արդեն մեխանիկորեն սկսում են ամբողջովին գործել քվոտաները: Երաշխավորված է լինելու, որ ցուցակներում ամեն 4-րդը կին կլինի եւ խորհրդարանում նվազագույնը 20 տոկոսը կին կլինի: Այս առաջընթացն արդեն ունենք: Կան տարբեր միջազգային կառույցների մոտեցումներ, որոնք առաջարկներ, խորհուրդներ են տալիս կանանց քվոտաների հետ կապված: ԵԽ-ն խորհուրդ է տալիս, որ կանանց մասնակցությունը լինի 40 տոկոս: Մենք աշխարհի այն երկիրներում, որտեղ համամասնական ընտրակարգով է խորհրդարանը ձեւավորվում, տեսանք, որ ոչ բոլոր երկրներն են, որ ունեն կանանց համար քվոտա, միջին ցուցանիշը 32 տոկոս է: Քիչ երկրներում է, որ սահմանված է ոչ միայն քվոտան ցուցակի, այլ նաեւ խորհրդարան անցածների ցուցանիշի: ՀՀ-ում դա սահմանված է»:

Կառավարությունն առաջարկում է 20 տոկոս կանանց ներկայացվածության փոխարեն լինի 25 տոկոս, ցուցակում ամեն 3-րդը կին լինի: Այս առաջարկը չբավարարեց կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նրանք առաջարկեցին՝ քվոտան պետք է բարձրանա առնվազն 40/60-ի:

«ՊրոՄեդիա գենդեր» ՀԿ նախագահ Թամարա Հովնաթանյանն ասաց, որ 30-70 տոկոս համամասնությունն արդեն անցած էտապ է. «Մենք առաջ չգիտեինք, որ կլիներ բաց ցուցակներ: Նախկինում ասում էին, թե 30 տոկոս կանանց մասնակցություն չեն կարող ապահովել, բայց տեսանք, որ ցուցակներում կային կուսակցություններ, որ 30 տոկոսից ավելի կին թեկնածուներ էին ներկայացրել»: Նա ասաց, որ ՏԻՄ ընտրություններին երեւաց, որտեղ չկային բաց ցուցակներ, առնվազն 25 տոկոս կարողացան ապահովել կանանց մասնակցության, աշխատեց քվոտան:

Դանիել Իոաննիսյանն արձագանքեց՝ «Ակնհայտ է, որ ռեյտինգայինը չարիք է, չարիք է՝ իր բոլոր դրսեւորումներով ու այն չպետք է լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031