Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Ամուլսար: Վարչապետին այստեղ դիմավորեցին Ջերմուկի, Գնդեւազ գյուղի եւ հարակից բնակավայրերի բնակիչները՝ երգ-երաժշտությամբ, աղ ու հացով: Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին հյուրասիրեցին Գնդեւազի ծիրանը: Այստեղ տեղացիները ծիրանի մեծ այգիներ ունեն, սակայն Ամուլսարը շահագործելուց հետո, համոզված են, որ ո՛չ այգիները կլինեն, ո՛չ էլ բերքը: Ջերմուկցինեը հանքի պատճառով արդեն իսկ վնասներ են կրում: Վարչապետին հանքի շահագործման վնասների մասին պատմող ակտիվիստն ասաց, որ Ջերմուկը փոշու մեջ կորել է:
«Պարոն Փաշինյան, տպավորություն է, թե մենք Լիդիան ընկերության դեմ ենք պայքարում, բայց մենք պայքարում ենք հանքը շահագործելու դեմ, մեզ համար կարեւոր չէ՝ ով կշահագործի, մենք ուզում ենք, որ հանքը չշահագործվի»:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այդ գործընթացն ինչու շուտ չեն սկսել, քանի որ ինքը նկատել է, որ տարածքում հսկայածավալ շինարարություն է ընթացել, որը գուցե 7-8 տարվա է: Վարչապետին պարզաբանեցին, որ եթե ինչ-որ մեկը փորձեր բողոքել, կհայտնվեր համապատասխան վայրում:
Բնապահպան-ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը, որը նաեւ Գնդեւազի բնակիչ է, ասաց, որ բողոքներ եղել են եւ 2015 թվականին Գնդեւազի 9-ը բնակիչներ եւ երկու բնապահպանական հ/կ դիմել են վարչական դատարան՝ պահանջելով կասեցնել որոշումը, սակայն վարչական դատարանը ձգձգել է եւ նշանակել է 2019 թվականի ապրիլին եւ մյուսն էլ՝ օգոստոսին. «Այդ ընթացքում դիմել ենք միջազգային ֆինանսական կորպորացիայի օմբուդսմենի գրասենյակին, 200 գնդեւազցիներով, որը հանդիսանում է Լիդիան Արմենիայի ներդրող կազմակերպություններից մեկը եւ բացահայտել ենք, որ միջազգային ստանդարտների խախտում է տեղի ունեցել, տասը տարի շարունակ Ջերմուկ համայնքը ազդակիր համայնք չի ճանաչվել, այստեղ ուսումնասիրություններ տեղի չեն ունեցել եւ միայն 2016-ին է խոշորացման գործընթացների ժամանակ ճանաչվել ազդակիր համայնք: Այստեղ քաղաքացիներ են եղել, որոնք դիմել են ազդակիր համայնք ճանաչելու պահանջով, բայց լռություն է տիրել: Այսինքն՝ մենք ունենք մի իրավիճակ, որ Ջերմուկ համայնքի բնակիչը ոչ դատական ատյաններում է կարողացել վերականգնել իր իրավունքները, ոչ՝ կառավարության: Ջերմուկ քաղաքի տնտեսական վնասներն ընդհանրապես գնահատված չեն»:
Թեհմինե Ենոքյանի խոսքով, այս տարիների ընթացքում դիմել են դատական ատյաններին, բայց այդ որոշումներն ի նպաստ Լիդիան ընկերության են եղել. «Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ են տեղափոխել, ճանապարհների թեքությունն են փոխել, որ քիչ փող ծախսեն, ցիանի կոդեքսին չեն միացել, դա միջազգային կոդեքս է, որին Հայաստանը պարտավոր էր միանալ, եթե ցիանի շահագործում իրականացներ, եւ միայն մեր բողոքից հետո են միացել»:
Վարչապետը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու նաեւ հանքի շահագործմանը դեմ եւ կողմ մյուս շահագրգիռ անձանց հետ՝ աշխատանքային խմբի ձեւաչափով, որպեսզի ավելի գործնական քննարկում կազմակերպեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ