Վերջին մի քանի օրերին Հայաստանում 10 դրամով թանկացավ դիզելային վառելիքը: Թանկացավ մի տեսակ աննկատ, քանի որ վառելիքի գները, բոլոր տեսակների, մեզ մոտ թանկանում են իրար հետ միաժամանակ: Բայց այս անգամ բենզինի գինը մնաց նույնը` Ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 450 դրամով, իսկ դիզվառելիքը 460-ից դարձավ 470 դրամ:
Քանի որ կառավարությունը զբաղված է հակակոռուպցիոն պայքարով ու միաժամանակ բացահայտում է ապօրինի հարստացողներին, նման մանր խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի: Երբ խոսքը միլիոնավոր դոլարների բացահայտումների մասին է, 10 դրամի մասին խոսելը նույնիսկ ամոթ է, չի կարելի կառավարությանը շեղել նման մանր խնդիրներով: Չնայած հասարակությունը կառավարությունից էժանացում և ոչ թե թանկացում էր սպասում:
Իսկ ինչո՞ւ թանկացավ դիզվառելիքը, և արդյո՞ք թանկացումը օբյեկտիվ է: Ընդհանրապես, երբ վառելիքի շուկայում փոփոխություններ են լինում, դա բացատրվում է երկու հանգամանքով` վառելիքի միջազգային գներ և հայկական դրամի փոխարժեք: Դրամի փոխարժեքը այս տարվա ընթացքում փոփոխության չի ենթարկվել կամ եթե ենթարկվել էլ է, ապա շատ չնչին և վառելիքի գների վրա չէր կարող ազդեցություն ունենալ: Նավթի համաշխարհային գները մի քիչ աճել են, բայց վերջին ամսվա ընթացքում դրանք ավելի շատ նվազման միտում ունեն: Օրինակ՝ մեկուկես ամիս առաջ` մայիս ամսվա կեսերին նավթի միջազգային գները տատանվում էին 79 դոլարի սահմաններում մեկ բարելի դիմաց, իսկ հիմա 77 դոլարի սահմաններում են: Էական փոփոխություն չկա նաև դիզելային վառելիքի շուկայում: Ռուսաստանում դիզելային վառելիքի գինը առանձնապես մեծ տատանումների չի ենթարկվել: Այս պահին այն մոտավորապես 59 եվրո ցենտի սահմաններում է, չնայած Ռուսաստանում ավելի էժան և ավելի անորակ դիզելային վառելիք էլ կա, ու դժվար է ասել, թե Հայաստանում վաճառվող դիզվառելիքը ինչ որակի է:
Ավետիս Բաբաջանյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում