Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ ոչ վաղ անցյալում հասարակության շրջանում ձեւավորված տրամադրությունները լուրջ փորձություն են դարձել կառավարության համար. «Հայոց աշխարհ»

Հուլիս 06,2018 10:45

Իշխանափոխությունից հետո կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում տնտեսական գործընթացները վերադարձնել բնականոն հուն։

Մի կողմից չկան նոր ծրագրեր, մյուս կողմից՝ անընդհատ խնդիրներ են առաջանում սկսվածների հետ կապված։ Մասնավորապես արդեն տեւական ժամանակ լուրջ փորձությունների առաջ է հայտնվել Ամուլսարի ծրագիրը, ընդ որում՝ չի հաջողվում հանգուցալուծում գտնել։

Ակնհայտ է, որ ոչ վաղ անցյալում հասարակության շրջանում ձեւավորված տրամադրությունները լուրջ փորձություն են դարձել կառավարության համար, որը կանգնած է ծանր երկընտրանքի առաջ եւ դժվարանում է ելք գտնել։ Որքան երկար է տեւում այս գործընթացը, այնքան մեծանում են տնտեսությանը հասցվող վնասները։

Թեեւ ներքուստ կառավարությունը կողմ է Ամուլսարի հանքավայրի շահագործմանը, այնուհանդերձ այդ մասին բարձրաձայն չի հայտարարում։ Դա լուրջ հարված կլիներ ժողովրդական իշխանության վարկանիշին, ինչը չի բխում ընտրություններին նախապատրաստվող կառավարական ուժերի շահերից։ Առանց այդ էլ չեն իրականանում այն խոստումները, որոնք տրվել էին նախկինում։

Չնայած հասարակական ճնշմանը, այնուհանդերձ կառավարությանը ձեռնտու չէ հրաժարվել այս ծրագրի իրականացումից։ Պատահական չէ, որ կառավարության ղեկավարը, որը չի վարանում իր դիրքորոշումը հայտնել այլ դեպքերում, խուսափում է դա անել Ամուլսարի վերաբերյալ։

Իրավիճակից ելք գտնելու նպատակով կառավարությունը որոշել է գնալ այն ճանապարհով, ինչի համար ժամանակին մեղադրվում էր նախկին իշխանությունը։ Նախատեսվում է ստեղծել խնդիրն ուսումնասիրող հանձնաժողով, որի եզրակացությունը խաղաքարտ կդառնա ծրագրի իրականացումն արդարացնելու համար։

Ընդ որում՝ Ամուլսարի շահագործման դեմ պայքարողներն այս անգամ անդրդվելի են եւ ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել իրենց պահանջներից։ Իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի օրինակը վարակիչ է դարձել։

Այնպես որ բնապահպաններն ու նրանց աջակիցները մտադիր չեն թույլ տալ շարունակել հանքավայրը շահագործման նախապատրաստելու աշխատանքները։ Արդեն տեւական ժամանակ նրանք փակ են պահում հանք տանող բոլոր ճանապարհները՝ խոչընդոտելով ընկերության գործունեությանը։

Մյուս կողմից՝ նրանց ցանկությանն ընդդիմանում են շրջակա բնակավայրերի այն բազմաթիվ քաղաքացիները, ովքեր ներգրավված են ծրագրի իրականացման աշխատանքներում։ Խոսքը մի քանի հարյուր մարդու մասին է։

Հ.ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031