Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հէկերի սեփականատերերի թիկունքում կանգնած ինչ-որ կասկածելիներ փորձում են մարդկանց սպառնալ, ահաբեկել, ինչը դատապարտելի է

Հուլիս 06,2018 10:24

Փոքր հէկերը Հայաստանում խիստ շահութաբեր են: Ինչպես ամեն մի գերշահութաբեր ոլորտի պարագայում, ինչ-որ օլիգարխներ և օլիգարխիկներ, մեծ փողեր և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ ազդեցիկ կապեր ունեցող ինչ-ինչ անձինք, իսկ որոշ դեպքերում այդ պաշտոնյաներն իրենք, հիմնականում այլոց անուններով, Հայաստանի տարբեր գետերի վրա, մի շարք դեպքերում նույնիսկ ՀՀ օրենսդրության պահանջների շրջանցմամբ, իրար հետևից կառուցել են փոքր հէկեր:

Չնայած այն հանգամանքին, որ փոքր հէկերը գետերի, դրանցում գտնվող կենդանական ու բուսական աշխարհների համար անվնաս չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, ավելին` մեծ վնաս են պատճառում նաև գյուղատնտեսությանը, գյուղացիներին, քանի որ հէկերի գործունեության հատվածում գետերն ամռան սեզոնին գրեթե ցամաքած են, ու մարդիկ չեն կարողանում ոռոգել իրենց հողատարածքները, ոմանք, թեկուզ մեր բնաշխարհին լուրջ վնաս պատճառելու գնով (կարծես եղած հէկերը քիչ են…), փորձում են կառուցել նորերը:
Վայոց ձորի մարզի Շատին համայնքի բնակիչներն այլևս չհանդուրժելով Եղեգիս գետի վրա բազմաթիվ փոքր հէկերի կառուցումը, ոտքի են ելել պայքարի: Նրանք թեև բացել են ավտոճանապարհը, սակայն շրջափակել են Շատինի գյուղապետարանի շենքը:
Տեղի բնակիչների հավաստմամբ, տասնինը հէկ արդեն կառուցված է, չորսն էլ կառուցման ընթացքում է: Հէկերի գործունեությամբ ոտնահարվում են նրանց շահերը. մասնավորապես` ամռան սեզոնին գետի հսկայական հատվածների գրեթե ցամաքելու հետևանքով առաջացել է գետից ջուր վերցնելու և իրենց հողատարածքները ոռոգելու անհնարինություն կամ դժվարություն:

Ընդգծենք, որ նշված հէկերի գործունեությամբ, ըստ մասնագետների, մեծ վնաս է պատճառվում նաև Եղեգիս գետի ձկնաշխարհին և էկոլոգիական վիճակին ընդհանրապես: Ըստ Վայոց ձորի մարզում տնտեսական գործունեություն ծավալող ֆերմեր, «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանի, երբ 2 տարի առաջ բարձրացրել են Եղեգիս կիրճում հէկերի հետ կապված ապօրինի գործողությունների հարցը, որոշ լրատվամիջոցներ իրենց առաջարկել են փաստերով ներկայացնել:

«Մենք լուսանկարեցինք բոլոր հէկերը, նույնիսկ հէկերի սեփականատերերի անուններով դուրս եկանք հանրության առաջ,- ասաց Տիգրան Եղոյանը:- Հիմա խոսում ենք հէկերի օգտակարության և վնասակարության մասին: Ես առիթից օգտվելով, նախ ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել` նախկին իշխանությունների օրոք երբ հարցը բարձրացրինք, եղավ իմ հանդեպ ձերբակալություն, եղան իմ հանդեպ մահափորձեր: Իրավիճակը փոխվել է, ես չեմ ուզում այսօր խոսել այդ ժամանակներից: Իսկ երբ այսօր փորձում ենք հարցը բարձրացնել, որոշ լրատվամիջոցներ մեզ ուլտիմատում են ներկայացնում, որ եթե դուք քննադատում եք գյուղատնտեսության նախարարությանը, ուրեմն դուք դեմ եք թավշյա հեղափոխությանը»:

Տիգրան Եղոյանն իր խոսքն ուղղելով պետական չինովնիկներին և որոշ լրատվամիջոցների, հավաստեց, որ երբ իրենք քննադատում են հանրապետական կուսակցությանը, դա չի նշանակում, որ դեմ են նժդեհյան գաղափարախոսությանը, երբ քննադատում են ՀՅԴ-ին իրենց նախարարների ոչ ճիշտ քաղաքականության համար, չի նշանակում, որ դեմ են ավանդական կուսակցությանը: Այսինքն` երբ քննադատում են ներկայիս նախարարներից ոմանց, նմանապես չի նշանակում, որ դեմ են թավշյա հեղափոխությանը, հետևաբար, չի կարելի խնդիրը նենգափոխել:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031