Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 25 երթուղու վարորդները պահանջել են գծի պլանն իջեցնել

Հուլիս 06,2018 14:00

Ամռան սեզոնին ուղեւորահոսքը կտրուկ նվազում է, գծի պլանները մնում են նույնը

Երեկ թիվ 25 միկրոավտոբուսի երթուղային ցանցը առավոտից սկսած մինչեւ կեսօր չի սպասարկվել: Վարորդները գծատիրոջ հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարվել են գիծ դուրս գալ` ուղեւորներին զրկելով այդ երթուղոց օգտվելու հնարավորությունից: Վարորդներն ընդդեմ գծատիրոջ բողոքի ցույց են արել` պահանջելով գծի, այսպես ասած, պլանը նվազեցնել, քանի որ սեզոնով պայմանավորված՝ ուղեւորահոսքի կտրուկ անկում կա: Եվ քանի որ մինչ այդ բարձրացված հարցերի շուրջ համաձայնության չեն եկել, երեկ արդեն գործնական քայլերի են դիմել` հրաժարվելով կատարել իրենց վրա դրված պարտականությունը, ինչի հետեւանքով շատ քաղաքացիներ զրկված են եղել պատշաճ ծառայություն ստանալուց: Այս երթուղին բավականին երկար է, սպասարկում է Ներքին Չարբախից մինչեւ Էրեբունու համայնքի հեռավոր թաղամասեր եւ, ինչպես ուղեւորներն են նշում, այլընտրանք չունի:
Մայրաքաղաքի երթուղագծերի պատասխանատուն Երեւանի քաղաքապետարանն է, որը վերահսկում է, թե ինչպես են մրցույթները շահած գծատերերն իրականացնում երթուղիների սպասարկումները:

«Առավոտը» Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է նախատեսվում նման դեպքերում, արդյոք գծատերերը պատասխանատվություն կրո՞ւմ են գիծը չսպասարկելու, քաղաքացիներին փողոցներում թողնելու համար:

Պարոն Նավասարդյանն ասաց, որ առավոտյան տեղեկացել են, որ թիվ 25 երթուղին սպասարկող «ՄՈՒԱՏ» ձեռնարկության վարորդները երթուղի դուրս չեն եկել, որից հետո ինքը եւ քաղաքապետի այս ոլորտի գծով խորհրդական Ալիկ Գեւորգյանը մեկնել են այնտեղ, որպեսզի պարզաբանեն` ինչն է պատճառը: Ըստ Հենրիկ Նավասարդյանի՝ երթուղի դուրս չգալու պատճառն այն է եղել, որ վարորդների եւ սպասարկող կազմակերպության` ձեռնարկատիրոջ միջեւ որոշակի անհամաձայնություն է առաջացել, եւ հարկ է եղել խնդիրները պարզաբանել. «Վարորդների կողմից բարձրացվել էր մի քանի հարց, որոնք հիմնականում տնտեսության ներքին խնդիրներին էին առնչվում: Եվ հիմնականում բողոքն առնչվում էր վառելանյութի թանկացմանը: Հարցն այն էր, որ տվյալ ձեռնարկությունում վարորդները աշխատավարձը հաշվարկելիս որոշակի խնդիրների առաջ են կանգնում: Այնտեղ յուրաքանչյուր վարորդի աշխատանքի համար օրական մոտավորապես 4 հազար դրամ աշխատավարձ է տրվում` հաշվարկային մեթոդիկայից ելնելով, բայց հաշվարկային մեթոդիկայի որոշակի բացթողումներ կային, որոնք պետք է համաձայնեցվեին եւ քննարկեին, վերջնական լուծում գտնեին: Երկրորդ խնդիրն էլ, այսպես ասած, գծի օրվա պլանի իջեցման մասին էր: Ամառվա ամիսներին ուղեւորահոսքը կտրուկ իջել էր, եւ յուրաքանչյուր տարի հուլիսի 1-ից հետո գրեթե բոլոր երկրներում պլանների իջեցում է կատարվում: Նույնը այստեղ համաձայնության չէին եկել, խոսքը 1000 կամ երկու հազար դրամով իջեցնելու մասին էր: Այս հարցն էլ քննարկվեց, պարզաբանում մտցվեց»:

Վարորդների մյուս դժգոհությունը, տրանսպորտի վարչության պետի խոսքով, գազի գնի եւ որակի հետ էր կապված. «Նման պայմաններում իրենք ասում էին, որ չեն կարողանում աշխատել եւ իրենց վրա դրված ծախսերի տակից դուրս գալ: Պարզաբանումներից հետո վարորդները դուրս են եկել երթուղի եւ գիծը սպասարկել են»:
«Առավոտի» հարցին, թե նման դեպքերում գիծը սպասարկող ընկերությունը պե՞տք է արդյոք պատասխանատվություն կրի, երբ գիծը ներքին խնդիրների պատճառով չի սպասարկվում եւ քաղաքացիներին ֆինանսական եւ բարոյական վնասներ է պատճառվում, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Եթե դա շարունակական բնույթ է կրում, կամ դրանք վերջնական լուծում չեն ստանում, ապա նման դեպքերում քաղաքապետարանը քննարկում է հետագայում տվյալ երթուղու սպասարկումը շարունակելու կամ դադարեցնելու եւ մեր ազգաբնակչությանը սպասարկելու համար այլ ուղիներ փնտրելու հարցը: Իսկ եթե դրանք որոշակի խնդիրներ են, որոնք կարող են առաջանալ եւ լուծվել, քննարկել, ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի մեր համաքաղաքացիները չմնան փողոցում, նորմալ է»:

Հենրիկ Նավասարդյանի խոսքով՝ քաղաքապետարանն այստեղ անմիջապես միջամտելու իրավասություն չունի, բացի այդ, գիծը սպասարկողը մասնավոր կազմակերպություն է, եւ իր ներքին խնդիրներն են. «Ներքին լուծումները պետք է տրվեն իր ներքին կազմակերպության ներսում` ե՛ւ աշխատավարձերի, ե՛ւ պլանների իջեցման հետ կապված: Երբ դու պարտադրում ես, տնտեսվարողն էլ ասում է` ես չեմ կարողանում իմ հարկային պարտավորությունները կատարել, ես տարբերակ չունեմ: Իսկ այն հարցը, որն առնչվում է գազի գնի բարձրացմանը կամ որակին, դա նույնպես քաղաքապետարանի իրավասության սահմաններում չէ, եւ քաղաքապետարանը չի կարող այդ հարցը կարգավորել»:
Պարոն Նավասարդյանից հետաքրքրվեցինք, թե ուժի մե՞ջ է մայրաքաղաքի նոր երթուղացանց ունենալու ծրագիրը, որի համար անցյալ տարի 800 հազար եվրո վճարեցինք միջազգային խորհրդատուին այն մշակելու համար:

Վարչության պետն ասաց, որ աշխատանքներն ընթանում են, եւ որ միջազգային խորհրդատուի կողմից ցանցը ներկայացնելուց հետո իրենք իրենց դիտարկումներն ու դիտողություններն են արել, որոնք ընդունելի չեն եղել Երեւան քաղաքի համար, եւ խորհրդատուն գնացել է վերամշակելու եւ կրկին ներկայացնելու:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

05.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031