Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մազմանյանն ապօրինի կալանքի տակ է պահվել 6 oր

Հուլիս 06,2018 13:30

Ոստիկանության թիվ 8/5-488 գրության մեջ Տիգրան Մազմանյանին վերագրվել է հետեւյալ արարքը, որ նա օժանդակել է 2018թ. ապրիլի 14-ին «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ վարչական շենքի եթերային ստուդիա տանող մուտքի դուռը կոտրող Նաիրի Սարգսյանին եւ Էրիկ Խաչատրյանին: Ըստ նրա պաշտպան Արա Ղարագյոզյանի, ի սկզբանե Տիգրանը բերման է ենթարկվել այլ արարք կատարելու համար, սակայն հետագայում նրան այլ արարք է վերագրվել:

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ.Հարությունյանին է դիմել «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան, Տիգրան Մազմանյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Պաշտպանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Երեան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին:
Տիգրանը ձերբակալվել է 2018թ. ապրիլի 17-ին, ժամը 08:30-ին, որպես կասկածյալ: Նա կասկածվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու ու անցկացնելու համար:

Ապրիլի 19-ին Տիգրան Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար, եւ նույն օրն էլ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Տիգրանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Դատարանը որոշել է կալանավորել 2 ամիս ժամկետով:

Ըստ Ա. Ղարագյոզյանի, Տ. Մազմանյանն ապօրինի կալանքի տակ է պահվել 6 oր, երկրում քաղաքական իրադրության փոփոխության հետեւանքով եւ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո երեկոյան Տ. Մազմանյանն ազատ է արձակվել։

Ա. Ղարագյոզյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք. «22.05.2018 թ. վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել իմ կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին։ Եվ վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Տ. Մազմանյանը կալանավորվել է առանց բավարար հիմքեր ունենալու»։

Փաստաբանն ուշադրություն է հրավիրել ընդհանուր իրավասության դատարանի եզրահանգմանը. «Դատարանը գտնում է, որ գործի կոնկրետ հանգամանքները, մեղադրյալ Տիգրան Մազմանյանին վերագրվող ենթադրյալ ծանր հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը քննության ներկա փուլում բարձրացնում են հավանականությունը, որ նա ազատության մեջ մնալով կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով: Մեղադրյալի հավանական վարքագծի վերաբերյալ հետեւությունները բխում են այն հանգամանքից, որ դեռեւս չեն հարցաքննվել դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր անձինք, չեն պարզվել դեպքի բոլոր հանգամանքները, ուստի բարձր է նաեւ գործով ճշմարտությունը բացահայտելու ընթացքին միջամտելու վտանգի հավանականությունը»:
Դատարանն արձանագրել էր նաեւ. «Դատարանը գտնում է, որ գործի կոնկրետ հանգամանքները, վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը քննության ներկա փուլում բարձրացնում են մեղադրյալ Տիգրան Մազմանյանի թաքնվելու եւ մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, ուստի գրավը՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ նրա իրավաչափ վարքագիծը կանխորոշելու հարցում»:
Ա. Ղարագյոզյանի գնահատմամբ, դատարանը որոշումը չի կայացրել արդար դատաքննության չափանիշներին համապատասխան, եւ իր կողմից բերված ոչ մի փաստարկի դատարանը չի անդրադարձել, որպես հակափաստարկ՝ վկայակոչել է քննիչի բերված փաստարկները:

Մեղսագրվածի կապակցությամբ, Ա. Ղարագյոզյանն ասում է՝ «Նշված արարքները կատարելու համար անձը առնվազն պետք է լիներ հավաքի կազմակերպիչ»:
Ի դեպ, գործում առկա է հանրային ռադիոյում հերթապահություն իրականացրած ոստիկան Արմեն Ղազարյանի լրացուցիչ ցուցմունքը, որով նա հայտնել է, որ աստիճանավանդակի վրա Տիգրանն «իր նկատմամբ բռնություն է գործադրել, ձեռքից քաշել է, որի հետեւանքով ձեռքից պոկվել է իր թեւի ժամացույցի կաշվե գոտին»: Իրավապաշտպանի դիտարկմամբ, այս ցուցմունքը ոստիկանը տվել է լրացուցիչ հարցաքննության արդյունքում, ինչից ենթադրվում է, որ սկզբնական ցուցմունքում դրա մասին խոսք չի եղել, հետեւաբար, արդեն իսկ կասկածի տակ է դրվում հիշյալ ցուցմունքի արժանահավատության հարցը:

«Պաշտպանյալիս նկատմամբ հետապնդումը կապված է նրա քաղաքական ակտիվության հետ: Տիգրան Մազմանյանը խաղաղ հավաքներին մասնակցելու ժամանակ, բազմաթիվ գործերով բերման է ենթարկվել ոստիկանություն, նրա նկատմամբ վարչական դատարանում քննվել են մի քանի գործեր, եւ այս գործը ընդամենը հանդիսանում է հերթական հետապնդումը, այլ կերպ ասած՝ նա ենթարկվել է խտրական վերաբերմունքի քաղաքական հայացքների համար, այն դեպքում, երբ Հանրային ռադիո ներս մտած տասնյակ անձանց բերման չեն ենթարկել»,- «Առավոտին» ասում է պաշտպանը, որը նույն հացերն ու հակափաստարկները ուղարկել է ԲԴԽ-ին:

Ի դեպ, վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ներկայացված տվյալներում պարունակվող տեղեկություններն ու տվյալները, կոնկրետ դեպքում, բավարար չեն մեղադրյալի առնչությունն իրեն վերագրվող արարքին հաստատված համարելու համար։ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ ընդհանուր իրավասության դատարանը մեղադրյալ Մազմանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու հարցում հանգել է ոչ ճիշտ եզրակացության, ինչը հանգեցրել է դատավարական իրավունքի այդպիսի խախտման։ Ա.Ղարագյոզյանի գնահատմամբ, դատավոր Արթուր Մկրտչյանը թույլ է տվել կոպիտ նյութական եւ դատավարական իրավունքի խախտում, քանի որ իր պաշտպանյալն ապօրինի զրկվել է ազատությունից. «Այս իրավունքը պաշտպանվում է ինչպես ՀՀ սահմանադրությամբ, այնպես էլ ՄԻԵԿ 5-րդ հոդվածով: Դատավորը գիտակցելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը եւ թաքնվելու վտանգը, որոշում է կայացրել պաշտպանյալիս ապօրինի կալանավորելու մասին»։

Դատարանը խախտել է Տ. Մազմանյանի անձնական անձեռնմխելիության իրավունքը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

05.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031