Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավունքից չտեղեկացված հրաժարում

Հուլիս 06,2018 13:00

Երդվյալ ատենակալների ինստիտուտը 2003-2005թթ.
սահմանադրական բարեփոխումների ընթացքում

Սկիզբը՝ «Առավոտի» 125/5716-ում

2003-2005թթ. սահմանադրական բարեփոխումների աշխատանքը համակարգում էր իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հարությունյանը, ով ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահն էր: Հարցազրույցներից մեկում իմ թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարը՝ Ա.Հարությունյանը, նշել է, որ դեմ չէ, որ մեր դատարաններում գործի երդվյալ ատենակալների համակարգը: Մինչդեռ՝ գործնականում ստացվեց այնպես, որ 1995թ. ՀՀ Սահմանադրության տեքստից երդվյալ ատենակալների մասին դրույթը ջնջվեց:

Միգուցե մոտեցումն այն էր, որ սահմանադրական տեքստը պետք էր մաքրել «մահացած» նորմերից: Պատմական գիտությունների թեկնածու, իրավագետ Մ. Թելունցն այս կապակցությամբ նշում է. «Արդարադատության անաչառության լրջագույն երաշխիք կարող է դառնալ երդվյալ ատենակալների ինստիտուտի ամրագրումը, որը նախատեսված էր 1995թ. ընդունված Սահմանադրությամբ եւ որը «լռելյայն» վերացվեց 2005թ. Փոփոխություններով՝ լեթարգիական քնի մեջ գտնվող մեր ժողովրդի աչքերի առջեւ՝ հենց իր՝ «ժողովրդի ձեռքով»: Կարծում եմ, որ այս դատողության մեջ առկա է ենթատեքստ, որը սուբյեկտիվ իրավունքից հրաժարվելու տեսության տեսանկյունից խիստ արժեքավոր է: Հայ ժողովուրդը հրաժարվեց արդարադատությանը մասնակցելու իր իրավունքից, սակայն այս իրավունքից հրաժարումն իրավաչափ չէր, քանի որ Ժողովուրդը քարացածության (քնած) վիճակում էր, տեղեկացված չէր այդ մասին, ուստի իրավունքից հրաժարումը գիտակցված չէր, իսկ իրավունքից` չտեղեկացված (չգիտակցված) հրաժարվելն իրավունքից հրաժարում չէ: Այդ ժամանակաշրջանում թեեւ վերացվեց երդվյալ ատենակալների մասին նորմը, սակայն 2005թ. Սահմանադրության 30-րդ հոդվածում ամրագրվեց պետական կառավարմանը մասնակցելու իրավունքի մասին նորմը, որի համաձայն՝ տասնութ տարին լրացած ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաեւ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք (2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ այս իրավունքը նույնպես վերացվեց, իսկ 49-րդ հոդվածում ամրագրվեց միայն հանրային ծառայության անցնելու իրավունքը):

Տեսության մեջ նշվեց, որ պետության կառավարմանը քաղաքացու մասնակցությունն ապահովվում է մի շարք իրավունքների միջոցով, որոնք նախատեսված են Սահմանադրության այլ հոդվածներով: Դրանք են՝ ա) ընտրելու եւ ընտրվելու իրավունքը, բ) պետական ծառայության հավասար հնարավորության իրավունքը, գ) արդարադատության իրականացմանը մասնակցելու իրավունքը, դ) պետիցիաների իրավունքը: Արդարադատությանը մասնակցելու իրավունքը պետական կառավարմանը մասնակցելու իրավունքից բխեցնելը լիովին համապատասխանում է այդ իրավունքի էությանը, սակայն միայն զարմանք ես ապրում, երբ հաջորդիվ կարդում ես հեղինակի՝ արդարադատության իրականացմանը մասնակցելու իրավունքի մեկնաբանությունը: Ըստ նրա՝ արդարադատության իրականացմանը մասնակցելու իրավունքը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր քաղաքացու` առանց որեւէ խտրականության զբաղեցնել դատավորի պաշտոնը: Արդարադատությանը մասնակցելու իրավունքը նույնացվեց դատավորի պաշտոն զբաղեցնելու իրավունքի հետ: Ինչու ենք դատավորի պաշտոնում նշանակվելու իրավունքը առանձնացնում հանրային ծառայության անցնելու իրավունքից, չէ՞ որ դատավորի պաշտոնում նշանակվելը նույն հանրային ծառայության անցնելու իրավունքի դրսեւորումն է: Կարծում եմ, որ հասարակության` արդարադատությանը մասնակցելու իրավունքի իրականացման գործունակ կառուցակարգը դատավորի ընտրությունն է կամ երդվյալ ատենակալների ինստիտուտը (կամ դրա նման գործունակ այլ ինստիտուտ):

ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր

«Առավոտ»

05.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031