Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բալետի արտիստը, որ շատ շուտ փայլեց, ուր որ է բանակ է գնալու

Հուլիս 06,2018 12:30

Երկու թատերաշրջանը ցանկացած արվեստագետի՝ նույնիսկ կարճատեւ բեմական կյանք ունեցող բալետի արտիստի համար, բավարար չէ լիովին բացահայտվելու, ինքնահաստատվելու, էլ չխոսենք հանդիսատեսի ուշադրությանն արժանանալու համար:

Բայց եւ այնպես բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանի՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին քայլերը ուշադրության արժանացան ոչ միայն թատրոնի ղեկավարության, այլեւ հանդիսատեսի կողմից: «Առավոտն» այս արտիստին նկատել էր դեռեւս 2017թ. սկզբից՝ Խաչատրյանի «Գայանե» եւ «Սպարտակ» բալետային ներկայացումներում: Դա կարելի է համարել երիտասարդի կարիերայի առաջին քայլերը մեծ բեմում: Կարճ ժամանակ անց նա արժանացավ «Լավագույն արտիստիկ կատարում» մրցանակին՝ Բելգիայում կայացած PRIX ARABESQUE հեղինակավոր մրցույթում, որից անմիջապես հետո Մեծ թատրոնում անցկացվող բալետի արտիստների եւ խորեոգրաֆների մրցույթում արժանացավ ժյուրիի ուշադրությանը, որը գլխավորում էր Ռուսաստանում անցկացվող բացառապես բոլոր մրցույթների հանձնախմբերում ներգրավված՝ ճանաչված մանկավարժ Սերգեյ Ուսանովը: 2016-17թթ. թատերաշրջանի ավարտին արվեստագետին հանդիպեցինք Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսում»՝ Իշխան Զվեզդիչի դերապարով, որը համարվում է «երկրորդական»: Այսօր Ռազմիկ Մարուքյանն ընդգրկված է խաղացանկային համարյա բոլոր ներկայացումներում: Արվեստագետին կարելի է հանդիպել Կրասոսի դերապարում (Խաչատրյան՝ «Սպարտակ»), Գիքոյի (Խաչատրյան՝ «Գայանե»), Ալբերտի (Ադան՝ «Ժիզել»), Պատանու (Շոպենիանա) եւ այլն:

Տեսարաններ ԱՄՆ-ում կայացած հայ արտիստի մրցելույթներից:


Վերջերս էլ ԱՄՆ-ի Ջեքսոն քաղաքում չորս տարին մեկ անցկացվող INTERNATIONAL BALLET Competition մրցույթի ժյուրին հայ արտիստին շնորհել է «Ժյուրիի համակրանք» մրցանակը: «Առավոտի» հետ զրույցում Ռազմիկ Մարուքյանը նշեց, որ մրցույթին մասնակցում էին 150 արտիստ 27 երկրից: «Ինչպես ընդունված է դասական ձեւաչափով անցկացվող նման միջոցառումներում, մասնակիցներն ընտրվել էին նախապես ուղարկված տեսանյութերով,- նշեց մեր զրուցակիցը, ապա հավելեց,- ժյուրին բաղկացած էր ճանաչված 10 բալետի արտիստներից ու խորեոգրաֆներից, նախագահն էր ամերիկացի Ջոն Միխանը, անդամների թվում էին Գենադի Նեդվիգինը (ՌԴ), Խե Շիկ Կիմը (Չինաստան), Էշլի Ուիթլը (ԱՄՆ) եւ այլն: Երեք փուլ էր, երկրորդ փուլի ընթացքում մասնակիցը պետք է ներկայացներ երկու համար՝ իր երկրի կոմպոզիտորի երաժշտությամբ եւ խորեոգրաֆի բեմադրությամբ: Մարզչիս՝ բալետի արտիստ եւ խորեոգրաֆ Արման Բալմանուկյանի խորհրդով ընտրել էինք Կոմիտասի երկերից «Ծիրանի ծառն» ու «Ամեն Հայր սուրբը»: Արտիստն ասաց նաեւ, որ մրցույթին իր մասնակցությանն աջակցել է հայաստանյան պարարվեստի ոլորտում եզակի կազմակերպություններից «Պարիր հանուն զարգացման» հիմնադրամը, որի տնօրենը հենց Արման Բալմանուկյանն է: Վերջինս էլ, որ ներկա էր զրույցին, քանիցս նշեց Ռազմիկ Մարուքյանի ոչ միայն բալետի արտիստի բարձրակարգ կատարումների ու դերապարերի մասին, այլեւ շեշտեց նրա արտիստիզմը. «Բելգիայում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում կայացած մրցույթներում անձամբ եմ ուղեկցել Ռազմիկին, կոնկրետ ինձ համար իսկապես ոգեւորիչ էր մեր Եռագույնը»:

Մեր հետաքրքրությանը, թե ինքն ընդգրկվա՞ծ է Մեծ թատրոնում շուտով կայանալիք «Գայանե» բալետի ներկայացման մեջ, արտիստը պատասխանեց. «Ընդգրկված եմ Գիքոյի դերապարով, բայց կարծում եմ, որ մինչ այդ կզորակոչվեմ բանակ…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Ռազմիկ Մարուքյանն ու Արման Բալմանուկյանը:

«Առավոտ»

05.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031