«Ժողովուրդ ջան, կներեք բայց այսպիսի հավաքներ չեմ հանդուրժի: Կարգ կա, միկրոֆոն գողանա՞լն ինչ է»,- Կապանում այսօր իր զայրույթը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետը Սյունիքի մարզում հանդիպումներ է ունենում տեղի բնակիչների հետ: Կապանի հրապարակում հանդիպման ժամանակ մի քանի անգամ իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից: Մարդիկ, իրար հերթ չտալով, փորձում էին իրենց խնդիրները ներկայացնել Նիկոլ Փաշինյանին: Իրավիճակը «փրկեցին» երեխաները, որոնք վարչապետի հետ նկարվելու թույլտվություն ստացան հենց վարչապետից: Բայց վարչապետի հետ նկարվելու ցանկություն, պարզվեց, նաեւ մեծերն ունեին. հավաքվածներն իրար հրմշտելով փորձում էին հասնել Նիկոլ Փաշինյանին:
Նիկոլ Փաշինյանը, դիմելով կապանցիներին, ասաց` «հասկացա, որ այնքան հնարավորություն չեք ունեցել բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպելու, որ այսօրվա մեր հանդիպումը մի քիչ խառնիճաղանջ ստացվեց»:
Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ մի քանի անգամ սաստել հավաքվածներին, անվտանգության աշխատակիցները չէին կարողանում կարգ ու կանոն հաստատել: Տեսնելով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ եզրափակել հանդիպումը. «Խնդրում եմ դադարեցնել, ոչ մի հարց, ոչ մի լուսանկար: Ժողովուրդ ջան, չի կարելի այդպես, ես ձեզ զսպվածության կոչ եմ անում: Ես, ամեն դեպքում, ուրախ եմ եւ ուզում եմ ձեզ հետեւյալը մաղթել, որ դուք, սրանից հետո, պետական պաշտոնյայի հետ շփման հնարավորությունը չդիտարկեք որպես վերջին ապոկալիպտիկ հնարավորություն, որ պետք է բոլորով վազել`նկարվել, հարց տալ, քաշել, ճանկռել: Ժողովուրդ ջան, մենք դեռ հանդիպելու ենք, շատ ենք հանդիպելու: Խնդրում եմ հանդարտվեք»:
Մանրամասները`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ