Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում վերջին շրջանում հավաքագրված գումարներից 10 միլիարդ դրամ կհատկացվի ՀՀ մարզերի զարգացման համար: Այս մասին այսօր Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, վարչապետը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում է:
«Բարեւ ձեզ, հարգելի ազգովի ընտրված վարչապետ»,- այսպես դիմեց Նիկոլ Փաշինյանին քաջարանցի մի կին`ասելով, որ ինքը հուզված է, բայց 26 տարի անց ինքն իր համար առաջին անգամ արձանագրում է. «Իզուր չէ, որ իմ 30-ամյա եղբայրը` Արթուր Մարգարյանը, ու նրա ընկերները պառկած են այնտեղ: Հույս կա, որ կվերածնվի երկիրը Հայոց: Ձեր այցն ապացուցեց, որ Քաջարանն անկլավ չէ, Հայաստանի մի մասնիկն է, եւ արդյունաբերական այս հսկան մեր պետության հիմնասյուններից է»: Նա բարձրացրեց քաղաքի հիվանդանոցի հարցը, խոսեց կրթական «ավգյան ախոռները» մաքրելու անհրաժեշտության մասին:
Նիկոլ Փաշինյանը համաձայնեց`պետությունը մեղավոր է`այս առումով իր աշխատանքը ճիշտ չկազմակերպելու`ուսում-աշխատանք կապը չկարգավորելու համար: Ըստ նրա` բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում այսօր 4000 թափուր աշխատատեղ կա, եւ այդ թիվն աճելու միտում ունի: Ասում է`պետք է կարողանանք այնպիսի ուսուցում կազմակերպել, որ կարողանանք մտնել այդ բարձր աշխատավարձով եւ շարունակական աճ ենթադրող ոլորտ:
Նա արձանագրեց, որ մեծ արդյունաբերական պոտենցիալ ունեցող Քաջարանի վիճակը որակապես շատ չի տարբերվում Հայաստանի մյուս քաղաքների վիճակից: Համենայնդեպս`ճանապարհները լավը չեն, բայց տանիքները` կարծես ոչինչ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ