Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անեն Փաշինյանի «լայվերի» հետ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ. Քննարկում կառավարությունում

Հուլիս 05,2018 18:11

Այսօր վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հանդիպեց ԶԼՄ ներկայացուցիչերի հետ՝ քննարկելու ԸՕ-ում ԶԼՄ-ներին առնչվող կարգավորումները:

«Երկիր Մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանն առաջարկեց, որ հեռուստաբանավեճերի պարտադրանք լինի: Նրա խոսքով՝ վերջին մի քանի ընտրություններին գրեթե որեւէ կուսակցություն չի մասնակցել հեռուստաբանավեճերի:

ԶԼՄ ներկայացուցիչներն առաջարկեցին,, որ բանավեճի ինստիտուտը որեւէ կերպ ամրագրվի: Բանավեճը կտա շատ հարցերի լուծումը: Առաջարկվեց, որ այն թեկնածուն, որը չգա բանավեճի, հեռուստաընկերությունն այլեւս նրա նկատմամբ չունենա պարտավորություն իր եթերաժամում բալանսավորել կոնկրետ նրա ժամերը: Իոաննիսյանն ասաց, որ չեն կարող պարտադրել թեկնածուին գնալ բանավեճի, հո ոստիկաններին չե՞ն ուղարկելու, ասեն՝ բռնի բեր բանավեճի, պարզապես բանավեճի չգնացող թեկնածուի նկատմամբ պետք է հանրային պարսավանք լինի եւ նա քիչ ձայներ հավաքի:

Հետո բարձրացվեց պաշտոնյաների լուսաբանման հարցը. «Պաշտոնյան, որը նաեւ թեկնածու է, այնպես է ստացվում, որ նախընտրական փուլում օրական 5 անգամ գնում է ժապավեն կտրելու, երբ առաջ ամսական 1 անգամ էր գնում…Օրինակ, Փաշինյանը, ամեն օր լայվեր է անում, դա կարո՞ղ ենք նույն տեմպով լուսաբանեն, թե՞ դա քարոզչություն կհամարվի եւ կհաշվվի, իսկ մենք պետք է հավասար լուսաբանենք բոլոր թեկնածուներին»:

«Հրապարակի» լրագրող Վահե Մակարյանն էլ ասաց,, որ վարչապետի մասով ակնհայտ առավելություն կա, շաբաթը մեկ կառավարության նիստ է անում, այդ ընթացքում այնպիսի հայտարարություններ կանի, որ ժողովուրդը ծափերով կընդունի, լրագրողներն էլ չեն կարող չլուսաբանել եւ դա ակնհայտ առավելություն է ստեղծում մյուս թեկնածուների նկատմամբ, մենք ակամա պիտի լուսաբանենք վարչապետին. «Էլ չենք ասում, որ վարչապետը ֆեյսբուքում կարող է լայվ անել, գրառում անել, որը ԶԼՄ-ներին կհետաքրքրի եւ մրցակցային դաշտը խեղվում է: Այդ հարցը ո՞նց եք կարգավորելու»:

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ «Լայվ կարող է անել յուրաքանչյուրը: Ֆեյսբուքի լայվը Ընտրական օրենսգրքով չես կարող կարգավորել»: Իոաննիսյանն ասաց, որ եթե վարչապետը նախընտրական քարոզարշավի օրերին կառավարության նիստ անի ու մի հայտարարություն անի, ԶԼՄ-ները կարող են բազմակողմանիությունն ապահովել եւ նույն հայտարարության այլ մեկնաբանություններ ստանալ մյուս թեկնածուներից. «Եթե թեկնածուներից մեկը վարչապետ է, չի նշանակում, որ նա պիտի եթերում ավելի շատ երեւա, քան մյուսները, դա, իրոք, նրան առավելություն է տալիս՝ մյուսների համեմատ»:

Հետո հարց հնչեց՝ թեկնածուների հասցեին հակաքարոզչությունը քարոզչությո՞ւն է, թե՞ չէ, ոնց են հաշվելու: Իոաննիսյանն ասաց, որ դա ՀՌԱՀ-ի մեթոդաբանության խնդիրն է: ՀՌԱՀ-ը պետք է մեթոդաբանություն մշակի, որը լինի գործածելի եւ հավասար պայմաններն էլ ապահովվեն:

Աշոտ Մելիքյանն առաջարկեց, որ քննարկվի՝ լռության օր լինի՞, թե՞ չլինի: Լռության օրը կայքերն օգտվում են, արխիվներից օգտվելու հնարավորություն ունեն եւ այլն: Այս հարցը կքննարկվի հանձնաժողովում:

Իոաննիսյանն ասաց, որ «Ընտրական օրենսգրքով» ուզում են արգելել թեկնածուների ընտանիքի անդամներին ընտրատեղամասում լինել՝ որպես դիտորդ, հանձնաժողովի անդամ կամ լրագրող:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031