Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը կարծում է, որ Մարտի մեկի գործով գուցե առաջիկայում ՍԴ-ում դիմումի քննարկում լինի, սակայն քանի դեռ դա հաստատված չէ, այլ գնահատականներ հնչեցնել չի ցանկանում: «Հայացք» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա անդրադարձավ վիճահարույց հարցին, որը, ըստ որոշ գնահատականների, առկա է Հատուկ քննչական ծառայության՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մասին հաղորդագրության մեջ (նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը` այն դեպքում, երբ ՀՔԾ–ի առաջադրած հոդվածը 2008-ին չի եղել, լրացվել է 2009-ին):
Նախկին նախարարին առաջադրված մեղադրանքների սահմանադրականության շուրջ Ալվինա Գյուլումյանը կարծիք հայտնեց, որ այդ հոդվածների սահմանադրականության հարցը գուցե քննվի ՍԴ-ում, եթե համապատասխան դիմում լինի. «Հնարավոր է՝ այդպիսի վեճ լինի, չեմ բացառում, բայց հիմա գնահատականներ հնչեցնելը ճիշտ չէ»:
Ինչ վերաբերում է քննարկումներին, թե վարկանիշային ընտրակարգը հակասահմանադրական է, Ալվինա Գյուլումյանը նշեց. «Սահմանադրական դատարանը քննության չի առել այդ հարցը: Կառավարության որոշելիքն է՝ դիմե՞լ ՍԴ, թե՞ ոչ: Բայց եթե հնարավոր է ԱԺ-ում համալիր փոփոխությունների հանգել, ինչո՞ւ դիմել ՍԴ»:
Տիկին Գյուլումյանը մեկնաբանեց նաեւ այն փաստը, որ վերջերս ԱԺ-ն այդպես էլ ՍԴ անդամ չընտրեց, եւ հիմա դատարանում երկու դատավորի թափուր տեղ կա. «ՍԴ-ն շարունակում է իր բնականոն գործունեությունը, թեեւ մյուս դատավորների համար ծանրաբեռնվածություն է առաջանում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ