Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բռնաբարության գործով 64-ամյա կինը դատահոգեբուժական փորձաքննության կենթարկվի

Հուլիս 05,2018 18:03

Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Արամ Սարգսյանը մեղադրվում է այն բանում, որ 2016թ. ապրիլի 15-ին, ժամը 22.00-ից մինչեւ 23.00-ն ընկած ժամանակահատվածում Իծաքար գյուղի բնակիչ, 1954թ. ծնված կնոջ կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել նրա առանձնատուն եւ տան ննջասենյակում մի քանի անգամ ապտակելով այդ կնոջը՝ վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Ա. Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2016թ. դեկտեմբերի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարության եւ բնակարան ապօրինի մուտք գործելու հոդվածներով, Ա. Սարգսյանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման եւ 50 հազար դրամ տուգանքի Ավտովերանորոգող, նախկինում չարատավորված Ա. Սարգսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Ա. Սարգսյանը սկզբում, 2016թ. հունիսի 10-ին որպես մեղադրյալ է ներգրավվել մարմնական վնասվածք հասցնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: 2016թ. օգոստոսի 21-ին նրան առաջադրված մեղադրանքը փոխվել է, նա մեղադրվել է բռնաբարության եւ բնակարան ապօրինի մուտք գործելու հոդվածներով:

Ա. Սարգսյանի պաշտպան Գայանե Զաքարյանը իր պաշտպանյալին արդարացնելու խնդրանքով, վերաքննիչ բողոքով դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը գտել է,որ դատաքննության ընթացքում առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքների եւ այլ ընդհանուր դրույթների խախտումներ, երբ դատաքննության միակողմանիության եւ ոչ լրիվության հետեւանքով գործով ձեռք բերված բոլոր ապացույցները համակողմանիորեն չեն հետազոտվել եւ գնահատվել, ինչը խոչընդոտելով գործի հանգամանքների բազմակողմանի,լրիվ եւ օբյեկտիվ հետազոտմանը`ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ նոր քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը արձանագրված խախտումները վերացնելու համար պետք է տուժողի դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկի, որից հետո միայն բազմակողմանի եւ օբյեկտիվ կերպով հետազոտի ձեռք բերված բոլոր ապացույցները, տուժողի ցուցմունքներում առկա էական հակասությունները:

Գրեթե 14 ամիս տեւած դատավարության ավարտին, 2018թ. ապրիլի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր`Մ. Պետրոսյան) որոշել է Ա. Սարգսյանի պաշտպանի բողոքը մերժել, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. դեկտեմբերի 23-ի դատավճիռը բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան`այլ կազմով նոր քննության:

Այդ որոշումից շուրջ 3 ամիս է անցել, սակայն Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի այլ կազմով քրեական գործի դատաքննությունը չի մեկնարկել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031