Այսօր վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հանդիպեց ԶԼՄ ներկայացուցիչերի հետ՝ քննարկելու ԸՕ-ում ԶԼՄ-ներին առնչվող կարգավորումները:
Դանիել Իոաննիսյանն ասաց, որ գործող օրենքով վերգետնյա ԶԼՄ-ներն ունեն առավելություն մյուս ԶԼՄ-ների նկատմամբ, ընտրատեղամասում իրենց համար չկա սահմանափակում, ուստի ԶԼՄ ներկայացուցիչների թվի սահմանափակման հարցը պետք է վերանայվի. «Լրացուցիչ բեռ կարող է դրվել Հանրային հեռուստատեսության վրա, հնարավոր է նաեւ Հանրային ռադիոյի, այն առումով, որ լրացուցիչ եթերաժամանակն ավելացվի: Հանրությունը, պետությունը լրացուցիչ ռեսուրսներ պետք է տրամադրի մրցապայքարի մասնակիցներին, որ կարողանան իրենց ծրագրերը ներկայացնել:
Իոաննիսյանն ասաց, որ պետք է վերանայվի նաեւ հերքման ինստիտուտը. «ԶԼՄ մասին օրենքով ամրագրված է հերքման իրավունքը, բայց այն ժամկետները, որոնք կան, բավականին երկար են, մերժելու դեպքում դատական կարգով այդ հարցը կարող է տարիներով քննարկվել, բայց բուն ընտրական պրոցեսը մի քանի շաբաթ է, հետեւաբար դա «փչացած իրավունք է»: Հիմա պետք է մտածենք ինչպես անենք, որ այդ մեխանիզմը գործի: Եթե ԶԼՄ-ն ինչ-որ մեկի մասին հրապարակում է տարածել եւ այդ մեկն ուզում է հերքել, օրենքով դրա իրավունքն ունի, ինչպես անել, որ իր իրավունքից օգտվի»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն արձագանքեց, որ ընտրությունների հետ կապված հերքման համար արդեն կա սահմանված ժամկետ՝ 24 ժամ, հետեւաբար նոր կարգավորում մտցնելու անհրաժեշտություն չկա:
«168 ժամի» խմբագիր, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն առաջարկեց, որ ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվեն բացառապես այն ԶԼՄ-ները, որոնք դաշտում իսկապես գործում են, հարկային պարտավորություններ են կրել եւ այլն. «Նրանք, որոնք չկան, գրանցված չեն, չպետք է ընտրատեղամասում լինեն, այդ օրերին կարող է մեկը կայք բացի եւ տեղամաս մտնի՝ որպես ԶԼՄ…Հաշվի առեք, որ բացառապես արդարադատության նախարարությունում գրանցված ԶԼՄ-ները ընտրատեղամաս մտնեն»:
Մեսրոպ Հարությունյանն էլ ասաց, որ «ԶԼՄ-ների մասին» օրենքով ԶԼՄ-ները չեն գրանցվում: Գրանցված ԶԼՄ հասկացություն չկա ՀՀ-ում:
Դանիել Իոաննիսյանն ասաց, որ ԿԸՀ-ն հավատարմագրում է: Ենթադրենք, մեկը Տանզանիայում ինչ-որ ԶԼՄ է բացում, ինչպե՞ս արգելել, որ այդ կայքը այստեղ չլուսաբանի, գրաքննություն կլինի:
«Երկիր Մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանն ասաց՝ «Բոլորս էլ գիտենք՝ տեղամասերում լրագրող գրեթե չի աշխատում, աշխատում է այս կամ այն մարդը՝ այս կամ այն թեկնածուի կողմից»: Նա ասաց, որ, կայքերը 50 հատ «բեյջ» են ստանում՝ ներկայացնելով լրագրողների ցուցակ ԿԸՀ-ին, բայց ընտրությունները լուսաբանում են 2 լրագրող ու հաճախ չես հասկանում, թե այդ 50 «բեյջն» ում մոտ է:
Իոաննիսյանն ասաց, որ նույնը դիտորդների հետ է կապված, «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» տալիս են 200 հատ բեյջ, ասում են՝ անունները դու լրացրու. «Եթե ԿԸՀ-ին ասենք՝ անուններով տուր, ԿԸՀ-ն կասի՝ 20 օր առաջ ցուցակները տվեք»:
Գեղամ Մանուկյանն ասաց. «Գռդոնչի լրատվամիջոցները մյուս ընտրություններին չպետք է լինեն»: Իոաննիսյանը հարցրեց՝ ո՞նց սահմանենք, թե ով է «գռդոնչի»: Ըստ Գեղամ Մանուկյանի, չեղած լրագրողներով ԶԼՄ-ն է, որը ֆոն է փոխում՝ որպես լրագրող հանդես գալով:
Իոաննիսյանի համար անհասկանալի էր՝ ի՞նչ խնդիր ենք լուծում՝ «գռդոնչիների» դեմ պայքարելով: Նա ասաց, որ եթե նրանք ԶԼՄ-ի անվան տակ չմտնեն տեղամասեր, դիտորդի անվան տակ կմտնեն, իսկ դիտորդը ավելի լայն իրավունքներ ունի:
«Հրապարակի» լրագրող Վահե Մակարյանն ասաց, որ «գռդոնչի» լրատվամիջոցները հիմնականում 1-2 լրագրող են ունենում եւ «copy-paste»-երով են աշխատում. «Այստեղ վտանգն այն է, որ կոնկրետ քաղաքական ուժերը կարող են իրենց թիմակիցներին, իրենց ախրաննիկներին այդ «բեյջերը» բաժանել: Գնում ես ընտրատեղամաս, տեսնում ես իքս թեկնածուի թիկնազորի մի հատված լրագրողի անվան տակ կանգնած գործառույթ է իրականացնում: Պետք է մեթոդ մշակել, որ վերահսկվի դա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ