Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցիները դժգոհում են. «Մեքենաներն ամեն օր այստեղով անցնելիս փչանում են, ամեն օր մասեր ենք առնում, բայց գույքահարկն ու մյուս հարկերը ժամանակին մուծում ենք»

Հուլիս 05,2018 17:57

«Սովետական շրջանից ճանապարհները չեն վերանորոգվել: Դրա հիմնական պատճառն էլ ջրահեռացման խնդիրն է: Ամբողջ Բազում թաղամասի ջուրը գալիս հոսում է մեր շենքերի բակերով, դրա արդյունքում էլ ճանապարհը վնասվում է: Մեր թաղամասից էլ ջրերը հոսելով թափվում են դիմացի շենք, որն էլ անհանգստության տեղիք է տալիս բնակիչներին: Մեքենաներն ամեն օր այստեղով անցնելիս փչանում են, ամեն օր մասեր ենք առնում, բայց գույքահարկն ու մյուս հարկերը ժամանակին մուծում ենք»,- թաղամասում առկա խնդրի մասին պատմում է Վանաձորի Գրիբոյեդովի 2 հասցեի բնակիչ Անդրանիկ Հովհաննիսյանը: Ասում է՝ վատ ճանապարհների պատճառով ստիպված են լինում մեքենաները պարբերաբար մասնագետի մոտ տանել: Իսկ խնդրին պատասխանատու մարմինները տարիներ շարունակ ուշադրություն չեն դարձնում:

Նույն իրավիճակն է նաեւ թաղամասին կից գտնվող Սուխումի 1 հասցեում: Բնակիչների խոսքերով՝ անձրեւների ժամանակ ամբողջ Բազում թաղամասի անձրեւաջրերը հոսելով հասնում են իրենց բակ, խարխլելով շենքի հիմքերը. «Անձրեւը, որ գալիս է, մինչեւ առաջին հարկը ծածկում է: Նկուղները, որ մտնես լրիվ ջրի մեջ են: Էսա, որ քանդվի, բոլորս խորտակվենք, այդ ժամանակ նոր տեր կկանգնեն, կասեն բա ինչի՞ չէիք ասում: Հիմա ասում ենք, թող գան տեր կանգնեն: Միշտ էլ դիմում ենք, համատիրությունից ասում են կգանք, կսարքենք, մինչեւ հիմա սարքում են»,- ասում է շենքի բնակիչ տիկին Արփիկը:

Խնդիրը նոր չէ, դժգոհում են բնակիչները, երկար տարիների պատմություն ունի: Իսկ թե ո՞վ պետք է լուծում տա, դեռ պարզ չէ. «Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մեր քաղաքում բացակայում են անձրեւաջրատարները: Եթե ուղղակի փողոցի երկարությամբ անձրեւաջրատարը փչանում է, եւ հետո կարողանում են մաքրել եւ լուրջ հետեւանքները վերացնել, մեր շենքի հետ կապված այդ խնդիրը չի վերանում, որովհետեւ անձրեւի ժամանակ Բազում թաղամասի ողջ ջուրը գալիս լցվում է մեր շենքի տակ: Նկուղային հարկերն ամբողջությամբ լցված են ջրով եւ շենքը խարխլվում է: Մեր՝ բնակիչների համատեղ ներդրումով անձրեւաջրատարի խնդիր լուծելը հնարավոր չէ: Այստեղ պետք է քաղաքապետարանը մտածի անձրեւաջրատար կառուցելու մասին,- ասում է թաղամասի բնակիչ Նարինեն:

Սուխումի 1 շենքը կառուցվել է դեռեւս Խորհրդային միության տարիներին: Այստեղ 2001 թվականին կատարվել են ամրացման աշխատանքներ. «Հենց այդ տարին, շատ ուժեղ սելաֆից հետո այս դիմացի պատի վերեւի 2 շերտը փլվեց ու ընկավ հարեւանիս մեքենայի վրա: Հետո, եկան պատի վերեւի շերտը հանեցին, իբր թե ամրացրեցին ու գնացին: Ամրացնելու համար ցեմենտ էին բերել, բայց ոնց պարկերով բերեցին, այդպես էլ հետ տարան, ոչ մի բան էլ չարեցին: Հիմա էլ ամեն անձրեւից հետո ջրվեժի նման թափվում է ջուրը,- ասում է Մարինե Սահակյանը:

Նշված երկու հասցեների բնակիչները դժգոհում են ոչ միայն վատ ճանապարհներից ու անձրեւաջրատար համակարգի բացակայությունից, այլեւ վատ իրականացվող աղբահանությունից ու խաղահրապարակների բացակայությունից. «Բազում թաղամասը մի գյուղից մեծ է, բայց ոչ մի խաղահրապարակ չկա: Ամենակարեւոր հարցերից մեկն է դա: Երեխաները, որ դուրս են գալիս խաղան, ստիպված փողոց են գնում, իսկ ծնողները չգիտեն, որ երեխաներին ինչով ու ինչպես պետք է զբաղեցնեն: Անհանգիստ ենք լինում»,- ասում է Արմինե Մուրադյանը:

Այս հասցեներում էլ բնակիչները խոստումներ են լսել ընտրությունից ընտրություն, որոնք այդպես էլ մնացել են լոկ խոստումներ: Բնակիչների խոսքերով՝ իրենց թաղամասերը երբեւէ չեն ընդգրկվել բարեկարգման եւ ոչ մի ծրագրում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031