ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ 47 հոգի է դիմել` 120 տեղի համար: Այսինքն՝ թափուր տեղեր կան: Ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը Aravot.am-ի հետ զրույցում մի քանի պատճառ է նշում:
«Պատճառն այն է, որ մեր երկրի բնակչությունը գնալով նվազում է, պատճառների պատճառը դա է: Պատճառներից մեկը սոցիալական է, մյուսն այն է, որ հետագայում ուսուցիչ են աշխատում ցածր աշխատավարձով: Սրանք բոլորը գումարվում են եւ հանգեցնում են ստեղծված վիճակին»,- ասաց պարոն Ավագյանը:
Նա հավելեց, որ հայ բանասիրության ֆակուլտետը ամենավատ վիճակում հայտնվածը չէ, նրա խոսքով՝ կան բուհեր ու ֆակուլտետներ, որ ընդամենը 1-2 հոգի է դիմել: «Առհասարակ վիճակը վատ է, մեզ մոտ գոնե անցյալ տարվա կեսի չափ դիմել են»,-հայտնեց մեր զրուցակիցը:
Արծրուն Ավագյանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ հայագիտությունը ուշադրությունից դուրս է. «Ցավոք, աշխատանքի տեղեր չկան, աշխատավարձերը ցածր են, շրջաններում դպրոցներ չկան, որ մարդիկ գնան ուսուցիչ աշխատեն, եւ այդ բոլոր պատճառները բերում հանգեցնում են ստեղծված պատկերին»:
Հայ բանասիրության ֆակուլտետի դեկանը կարծում է, որ լավ կլիներ, եթե յուրաքանչյուր բուհ ինքն ընտրեր իր ապագա ուսանողին. «Արդեն 25 տարի է՝ բուհերն ընդունելության հետ որեւէ կապ չունեն, նույնիսկ տեղեկություն եւ առնչություն չունեն: Ամեն ինչ անում են ԿԳ նախարարությունը եւ ԳԹԿ-ն, դեկանատը կապ չունի, ռեկտորատը կապ չունի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` www.ysu.am կայքից