Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոս. Այսօր, երբ Հայաստանի առջև բացված են նոր հեռանկարներ, դուք նորովի եք առնչվելու հայրենական կյանքին

Հուլիս 05,2018 17:02

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց համահայկական երիտասարդական հավաքի բացմանը

 Հուլիսի 5-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկաձորում ներկա գտնվեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքի բացմանը։

Արարողության ընթացքում Նորին Սրբությունը հայրապետական իր պատգամն ուղղեց Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից եկեղեցականների առաջնորդությամբ ժամանած շուրջ չորս հարյուր երիտասարդներին։

Ուրախություն հայտնելով եկեղեցասեր երիտասարդների հավաքի առիթով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասաց․

«Մեզ համար խորին գոհունակություն էր այսօր առավոտյան ողջունելու ձեզ հայոց հոգևոր կենտրոնում և Մեր օրհնությունները վերստին բերելու ամենքիդ: «Դեպի հայրենիք, դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» խորագիրը կրող այս ուխտագնացության բոլոր մասնակիցներիդ համախմբումը Հայաստանում, աղոթքների մեկտեղումը և մեր նվիրական սրբավայրեր այցելությունները պիտի լինեն ձեզ համար հոգու նորոգության, երկնային օրհնությունների առատության աստվածապարգև շնորհ: Դուք հայրենի երկրում համախմբվելով վկայում եք ձեր միասնությունը հավատքով, ձեր հայրենասիրությունը, ձեր ազգանվեր ու եկեղեցասեր ոգին, որ երիտասարդներիդ առաջնորդում է ձեռքբերումների ու հաջողությունների: 100-ամյա հերոսական պատմություն ունեցող Սարդարապատից, մայիսյան ազատամարտերից մինչև օրս հայ երիտասարդի անմնացորդ նվիրումով է նաև, որ մեր ազգը ձեռքբերումներ է կերտել, ազգային գիտակցությունն ու ոգին բարձրացրել:

Երիտասարդությունը ամուր է պահել հարազատ մեր բնօրրանը, պաշտպանել և այսօր էլ պաշտպանում է Մայր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, ուր դարեր ի վեր, ավետարանական խոսքին համահունչ, մեր նախնիներն ամբարել են բյուրավոր հոգևոր գանձեր` իրենց սրտերը նորոգելով հավատքի ու սիրո գործերով: Դուք եք, սիրելիներ, մեր ազգի ու

Եկեղեցու ապագան, այլև ներկայի կերտողները, ձեր ջանքերով հայրենական և հոգևոր մեր կյանքում հաճախ անհնարինը դառնում է հնարավոր, և արձանագրվում են նորանոր իրագործումներ ու հաղթանակներ ազգային ու եկեղեցական մեր անդաստանում:

Իսկապես, հայ լինելը առաքելություն է: Այդ առաքելությունը թե՛ այստեղ՝ հայրենիքում, և թե՛ սփյուռքում ենթադրում է հոգևոր ու ազգային արժեհամակարգի պահպանություն ու զորացում: Զանազան համայնքների եկեղեցասիրաց և այլ կառույցներին անդամակցելով` դուք գովելի նպաստ եք բերելու երիտասարդության շրջանակներում մեր հավատքի, մշակույթի ու լեզվի պահպանությունը կարևորելու, ազգային կյանքում ձեր դերակատարությունը հստակեցնելու և գովարժան հանձնառություններ ստանձնելու համար: Այդ առաքելությունը չի կարող ամբողջական լինել հայրենիքից կտրված ու հայրենական կյանքին անհաղորդ լինելով: Այստեղ են մեր նվիրական սրբությունները, հիշատակները, մեր ժողովրդի հավատավոր հոգու վկայությունները: Հայրենիքում է մեր բարեփոխվող ներկան՝ լուսավոր նոր գալիքի վճռականությամբ ու տեսլականով: Այսօր, երբ Հայաստանի առջև բացված են նոր հեռանկարներ, դուք նորովի եք առնչվելու հայրենական կյանքին՝ ամրանալով մեր հարազատ երկրին ու պետությանը ձեր ներուժը բերելու կամքի մեջ: Հայրենիքն է մեր մեծագույն գանձը, և այստեղ պիտի լինեն նաև ձեր սրտերը՝ սերը, նվիրումն ու նախանձախնդրությունը առ հայրենին, ըստ ավետարանական խոսքի. «Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»»:

Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձավ հայ հասարակության առջև ծառացած զանազան մարտահրավերներին։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունը նշեց․ «Սիրելիներ, դարեր ի վեր, հայոց մեծ դարձից մինչև գրերի գյուտ ու մինչև Սարդարապատ, Արցախյան հերոսամարտ ու մեր օրեր, հայը չի պատկերացրել իր կյանքն ու գոյությունն առանց քրիստոնեական իր հավատքի, առանց ազգային իր ինքնության: Պատմության տարբեր ժամանակահատվածներում մարտահրավերներ են առաջ եկել ուղղված թե՛ մեր հավատքի և թե՛ ազգային արժեհամակարգի դեմ: Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ՝ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա Կորնթ. Ժ 13): Այսօր էլ բազում են խնդիրները, որ ծառացած են մեր ազգի առջև Հայաստանում և սփյուռքում: Սիրելիներ, միասնական համախմբող ոգին, որ առկա է ձեր մեջ, պիտի դառնա թթխմոր համազգային մեր կյանքի զարթոնքի: Ճշմարիտ քրիստոնյան գիտի, որ իր յուրաքանչյուր օրը պարգև է իր Արարչից, և որ այդ պարգևն առավել պայծառազարդվում է առ Աստված հավատքից ճառագող սիրով, հավատավոր գործերով:

Մեր մաղթանքն ու հորդորն է ձեզ, որպեսզի ձեր բնակավայրերում, ընկերային ձեր շրջապատում և ձեր ընտանիքներում մշտապես լինեք Աստծո պատգամաբերներ, Քրիստոսի սիրո երաշխավորներ, մեր Սուրբ Եկեղեցու և հայրենիքի հարազատ զավակներ, որպեսզի ձեր բարի հավատքից բխող հայրենանվեր ու ազգաշեն գործերով, յուրաքանչյուրդ ձեր կարողությունների չափով ներդրում բերեք Հայաստանում և սփյուռքում հայ կյանքի բարօրությանն ու բարգավաճմանը, նոր ձեքբերումների ու հաջողությունների կերտմանը»:

Հայոց Հայրապետը մաղթեց, որ Տիրոջ կողմից երիտասարդաց հոգիներում ցանված սերմերը առատապես պտղաբերեն ազնիվ, նվիրյալ գործերով:

Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց հավաքի մասնակից երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերին, Եկեղեցու քարոզչական և հովվական առաքելությանը և դրանում երիտասարդության դերակատարությանը։ Ի պատասխան երիտասարդների հարցումների Գարեգին Բ Հայրապետն անդրադարձավ նաև իր հոգևոր փորձառությանը և կյանքի ուղուն։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031