Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր տանկերը փչացնում են մեր փողոցները»․ Ս․ Բալասանյանը ՌԴ դեսպանից պահանջում է վերանորոգել դրանք

Հուլիս 05,2018 16:45

Այսօր պաշտոնական այցով Գյումրիում էր ՀՀ-ում ՌԴ նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա Գյումրիում ՌԴ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինի ու 102-րդ ռազմաբազայի ղեկավարների հետ հանդիպեց քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ՝ քննարկելով մի քանի կարևոր հարցեր։

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հանդիպման սկզբում գովաբանելով Գյումրիում ՌԴ հյուպատոսին, առաջ քաշեց գյումրեցիներին մտահոգող հարցերը։

Քաղաքապետը դեսպանին խնդրեց ծանոթանալ ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուին Գյումրու քաղաքապետարանի կողմից հղված նամակին, որով Գյումրու քաղաքապետը խնդրում է Ռուսաստանի Դաշնությանը իր միջոցներով վերանորոգել Գյումրու այն փողոցները, որոնք անընդմեջ վնաս են կրել ռուսական 102-րդ ռազմաբազայի ծանր տեխնիկայից։

Սամվել Բալասանյանը նորանշանակ դեսպանին ասաց, որ խոսքը 10 կիլոմետր հատվածի մասին է։ Նշենք, որ այն ընդգրկում է ռազմաբազայի շուրջբոլորը, Շիրակացու փողոցը շրջանցող ճանապարհը և «Կազաչի պոստի» հատվածը։

Սամվել Բալասանյանն ասաց, որ այդ հարցի պատասխանն այդպես էլ մնացել է․ երբ ռազմաբազայի հրամանատարը Ուստինովն էր, իրենք նախագիծը կազմել են, ստորագրել ու ուղարկել են միջպետական հանձնաժողովին։ Ըստ Գյումրու քաղաքապետի, ինքն անգամ եղել է Մոսկվայում Չիլինգարովի մոտ, Չիլինգարովն այն ուղարկել է Ռուսաստանի Դաշնության ՊՆ նախարարին, վերջին էլ համաձայնել է։

«Այն ծանր տեխնիկան, ասենք տանկերը, որոնք անցնում են այդ ճանապարհներով, փչացնում են մեր ճանապարհները, անհրաժեշտ է վերանորոգել։ Համաձայնություն եղել է։ Միգուցե դուք դեռ տեղյակ չեք, բայց անհրաժեշտ է վերանայել, սա լավ ծրագիր է, պետք է իրագործել։ Անգամ արժեք էր հաշվարկված, դրանք պարտադիր պիտի վերանորոգվեն, այդ ճանապարհներն անցնում եմ մեր «Մայր Հայաստանով», ռազմաբազայի շրջակա ճանապարհներն են։ Ես ձեզ անգամ կարող եմ ներկայացնել փաստաթղթերի փաթեթը։ Խնդրում եմ օգնեք վերանորոգել, որովհետև սա մեր քաղաքի համար ամենագլխավոր հարցն է»,- ասաց քաղաքապետը։

Դեսպանը նշեց, որ ինքը տեղյակ է հարցից, կքննարկեն հանձնաժողովի հետ։

Սամվել Բալասանյանը դեսպանին առաջարկեց նաև վերանորոգել Սլաբոդկա թաղամասում գտնվող ռուսական փոստի պատմական շենքը։

Նա նաև ասաց, որ 8-րդ զինվորական թաղամասը ուզում են հանձնել Գյումրի համայնքի հաշվեկշռին։ Սակայն, ըստ քաղաքապետի, այն մեծ հոգս է քաղաքի համար, քանի որ բավական շատ խնդիրներ կան, չգիտի, թե ում են տվել այդ բնակարանները, ովքեր են տերերը, կան բնակարաններ, որոնց գազի, լույսի պարտքերը չեն մուծել։

«Այս հարցը նույնպես պետք վերանայել, որովհետև հենց այնպես տալ քաղաքին, մեր բյուջեն փոքր է, լավ կլինի օգնեք»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Նա դեսպանին նաև տեղեկացրեց, որ 8-րդ զինվորական թաղամասում կան կիսակառույցներ, որոնց ապագան ևս մշուշոտ է։

Զգալով, որ միայն խնդիրներից է խոսում՝ Սամվել Բալասանյանը ժպտալով ասաց՝ տեսեք ինչ խնդիրներ կան, սակայն դեսպանը նշեց, թե իր համար հաճելի է այս բոլորը լսել, քանի որ սա խոսում է այն մասին, թե քաղաքապետը ինչքան մտահոգ է իր քաղաքով ու առաջին հանդիպումը սկսում է կոնկրետ հարցերի բարձրաձայնմամբ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031