«Անձամբ ես երաշխավորում եմ, որ որեւէ մեկն իրենց ներդրումը չի խլի, փայ չի մտնի: Օգնություն մի ուղարկեք, որ մարդիկ ապրեն, եկեք`բիզնես դրեք, աշխատատեղ ստեղծեք»,- այսօր Սիսիանում, քաղաքացիների հետ կայացած հանդիպման ժամանակ դիմելով ժամանակին Սիսիանից հեռացած եւ այլ երկրներում կապիտալ կուտակած սիսիանցիներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն այցելեց նաեւ «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, ծանոթացավ շինարարության ընթացքին, խնդիրներին: «Բոլորս էլ հասկանում ենք, որ հարկային որոշակի արտոնություններով աշխատելու տեղ է տրամադրվում: Բայց հասկանում ենք, որ նաեւ որոշակի խնդիրներ կան տարածքի հետ կապված. եթե ներդրողները գան՝ պետք է այդ հողի հարցը լուծենք: Այլ բարդություններ էլ կան»,- լրագրողներին իր տպավորությունները փոխանցեց նա:
«Մեղրի» ազատ տնտեսական գոտուց Մեղրիում տեղակայված մաքսային գոտի Նիկոլ Փաշինյանը ոտքով գնաց: Նկատեց` ճանապարհները վատն են, տարածքը բարեկարգված չէ. «Կիսավայրենի տարածք է»: Ինքը չի կարծում, թե բարեկարգման համար գումարներ չեն եղել:
Պատասխանատուներին հանդիմանեց. «Պետության մասին առաջին տպավորությունն է ստեղծվում: 21-րդ դարում ենք, սա աղբամա՞ն է: Մաքսայինը հնարավորություն չունի՞ տասը աղբաման շարելու այստեղ: Հիմա գնանք մաքսայինի ունեցվածքը նայենք, տեսնենք իրենց բակում նման «բոչկա» կա՞ դրված: Իրենց հյուրերին այդպե՞ս են ընդունում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մեղրի տանող ճանապարհները ինչպես են՝հատկապես Գորիսից Որոտան ճանապարհահատվածը,վարորդների մեծամասնությունը Որոտանից Գորիս երթևեկելուց անցնում են ճանապարհի ձախ մասով,որովհետև աջ մասը անանցանելի է հատկապես թեթև մարդատար ավտոմեքենաների համար:Այդպիսի վիճակ ստեղծվել է բեռնատարների գերծանրաբեռնվածության պատճառով՝12,5 տոննաաբեռնատարողություն ունեցող մեքենան բարձված է լինում 22-23 տոննա…