ԱԺ-ում այսօր ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստում «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Լենա Նազարյանը ներկայացրեց խմբակցության առաջարկներից մեկը՝ ընտրական ցուցակներից հանել մոտ երկու հարյուր հազար մարդու անուն, որոնք, ամենայն հավանականությամբ, երկրում չեն, սակայն վտանգ կա, որ նրանց անվավեր անձնագրերով այլ անձինք կքվեարկեն:
Նազարյանն ասաց՝ առաջարկում են մինչեւ քվեարկության օրը վավերականության ժամկետն ավարտված անձնագրերը փոխարինել նորով: Աշխատանքային խմբում ՀՀԿ-ի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հարց բարձրացրեց. «Չեմ հիշում դեպք, երբ մարդը երկրում չէ, եւ նրա անվավեր անձնագրով քվեարկել է մեկ ուրիշը: Կառավարությունը եւ ոստիկանությունը հատ-հատ պետք է պարզեն՝ անձը երկրո՞ւմ է, թե՞ ոչ: Շաբաթների խնդիր է այդ հարցը ճշտելը»:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ճիշտ չէ մարդկանց հանել ցուցակներից միայն նրա համար, որ նոր անձնագիր չեն հանել. «Ավելի լավ է մինչեւ ցուցակներից մարդուն հանելը ստուգեք՝ նա երկրո՞ւմ է, թե՞ ոչ»:
ՀՀԿ ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ շարունակեց. «Գյուղական համայնքներում շատ են մարդիկ, որոնց անձնագրի ժամկետը անցել է, բայց նրանք կարիք չունեն նոր անձնագիր հանելու: Մեկ օրում հինգ հազար հոգու համար անձնագիր է տպվելո՞ւ»:
Լենա Նազարյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ կառավարությունը պետք է դռնեդուռ ընկնի ու պարզի, թե ում անձնագիրն է վավեր: Եթե այդպիսի անձինք կբացահայտվեն, կառավարությունը պետք է կամք դրսեւորի եւ նոր անձնագիր տրամադրի, քաղաքացիներն էլ նոր անձնագրեր կունենան»:
Դավիթ Հարությունյանը միջամտեց. «Լենա Նազարյանի առաջարկն ընթերցելիս պարզեցի, որ մեկ ու կես տարի է՝ անձնագիր վավեր չէ»:
Ապա պնդեց. «Թող կառավարությունը ձեռնարկի միջոցառումներ, որպեսզի պարզվի, թե նախորդ ընտրություններում քանի՞ քաղաքացի է անվավեր անձնագրով քվեարկել: Ես չեմ հավատում, որ անվավեր անձնագրով կարելի է մեկ այլ անձի փոխարեն քվեարկել»:
«Այնուամենայնիվ, ցուցակներում կան մարդիկ, որոնք երկրում չեն»,-եզրափակեց Լենա Նազարյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ