Գորիսի հրապարակում, ժողովրդի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը նաեւ դահլիճային հանդիպում ունեցավ հարակից գյուղերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը համայնքների ղեկավարներին հորդորեց`եթե իրենց մոտ էլ կան դեպքեր, երբ հարազատներն ու բարեկամները գրանցված են համայնքապետարանների վրա եւ չեն աշխատում, բայց գումարներ են ստանում կամ այլ չարաշահումներ դեպքեր`ուղղել ու թույլ չտալ, որ գործը հասնի իրավապահների միջամտությանը:
«Մեր նպատակը մարդկանց բանտերը լցնելը չի, այլ այս երկրին եւ պետությանը հասցված վնասի վերականգնումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ չի կարող լինել նման բան, որ 37 թվի տեռորի մթնոլորտում հայտնվենք:
Նիկոլ Փաշինյանն իրազեկեց՝ նախատեսվածից հարկերի հավաքագրման 49 միլիարդի աճ ունենք`հանած ԱԱՀ-ն: ՊԵԿ-ն իրեն հավաստիացրել է, որ հավելավճարներ չկան այս գումարների հավաքագրման մեջ: Հորդորեց`եթե տեղյակ են հավելավճարների պահանջի դեպքերից`մամուլի միջոցով բարձրաձայնել:
Նիկոլ Փաշինյանը համայնքապետերին վստահեցրեց, որ սուբվենցիաների նախատեսված ծրագիրը իրականացվելու է:
Համայնքապետերին հուզում էր Սյունիքի մարզի արոտավայրերի խնդիրը: Այդ խնդրին մամուլն էլ է բազմիցս անդրադարձել: Նիկոլ Փաշինյանը խոստացավ զբաղվել խնդրով: Հիմնական մտահոգություններից մեկն էլ գյուղտեխնիկային էր վերաբերվում: Համայնքապետերը բարձրացրին նաեւ միջհամայնքային տրանսպորտի հարցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանի