Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսարի ցուցարար. «Եթե պետք լինի հանուն մեր լեռների, «սաբոտաժնիկ» էլ կդառնանք»

Հուլիս 05,2018 13:39

Այն պահին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզում Ամուլսարի հանքի շահագործումը դադարեցնելու պահանջով, տասնյակ քաղաքացիներ մայրաքաղաքում երթ էին իրականացնում: Նրանք ոտքով Վերնիսաժից եկան կառավարություն: «Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսար մենք գալիս ենք» եւ այլ բովանդակությամբ ցուցապաստառներով ցուցարարները դիմեցին կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին:
«Մեր սիրելի վարչապետ, հարգելի կառավարություն, եկել ենք ասենք, որ մենք սաբոտաժնիկներ չենք, մենք հայեր ենք, որոնք եկել են իրենց բնությանը տեր կանգնելու»,-ասաց ցուցարարներից մեկը՝ դիմելով հավաքվածներին՝ ժողովուրդ դուք «սաբոտաժնի՞կ» եք: Ցուցարարներն արձագանքեցին՝ ո՛չ: Ի պատասխան, ելույթ ունեցող երիտասարդն ասաց, որ, եթե պետք լինի հանուն մեր լեռների «սաբոտաժնիկ» էլ կդառնան:

Նրանք հույս հայտնեցին, որ վաղը, վարչապետի այցը Ամուլսար, ժողովրդի հետ հանդիպումը, Նիկոլ Փաշինյանին հնարավորություն կտա, խնդրին ամբողջությամբ ծանոթանալու: Ապա հիշեցրին, որ արդեն 14 օր է իրենց ընկերները փակել են դեպի Ամուլսար տանող ճանապարհը. «14 օր է այդ մարդկանցից շատերը տուն չեն գնացել, իրենց ընտանիքին երեխային չեն տեսել»:
Բողոքի ցույցի մասնակիցները նշեցին, որ փակ է միայն Ամուլսարի ճանապարհը, Ջերմուկի ճանապարհը բաց է. «Այո կան մարդիկ, որոնք այսօր աշխատում են հանքում, նորմալ վաստակում են եւ կարող են իրենց երեխաների համար հեծանիվ գնել կամ էլ՝ ավտոմեքենա, բայց հավատացնում եմ ձեզ, 10-15 տարի հետո միլիոններ են ծախսելու իրենց երեխաներին այդ հիվանդություններից բուժելու: Ի՞նչ է նշանակում թունավորել ջուրը»:

Նրանք նշեցին, որ պայքարելու են այնքան՝ մինչեւ որ այս հարցին կոնկրետ լուծում տրվի՝ հօգուտ Հայաստանի, բնակչության եւ երեխաների ապագայի. «Մենք պայքարում ենք, որպեսզի Ամուլսարը դարձնենք ամուր սար»:

Կառավարությանը հորդորեցին վերանայել տնտեսական քաղաքականությունը, քանի որ հանքարդյունաբերությունը առաջին տեղերում է, ինչը մեր երկիրը սպանում է: Նրանք առաջարկեցին փոխարենը զարգացնել գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը, որոնք Ամուլսարի պատճառով կտուժեն:
Երթի մասնակիցները ոտքով շարժվեցին Էրեբունի պլազա, որտեղ գտնվում է Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիայի» գրասենյակը: Տնօրինությանը հորդորեցին, որպեսզի աշխատակիցների «սանձերը» քաշեն, քանի որ նրանք, «Ամուլսարում հայհոյել էին մի բնապահպան աղջկա»: Լիդիանի գրասենյակի առաջ, ինչպես այլ փողոցներում, Ամուլսարի դեմ պայքարող ցուցարարները պար բռնեցին:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին էլ Ամուլսարի աշխատակիցներն էին բազմամարդ ցույց իրականացրել կառավարության առաջ՝ պահանջելով միջամտել, որպեսզի ընկերությունը կարողանա անխափան իրականացնի պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները: «Լիդիան Արմենիայի» աշխատակիցներն էլ նշում էին, որ շրջակա բնակավայրերից հարյուրավոր մարդիկ են աշխատում Ամուլսարում, նորմալ վարձատրվում են եւ այդ աշխատանքը մեղմում է տարածաշրջանում աղքատությունը:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031