Այսօր Սահմանադրության օրն է եւ ՍԴ նախկին անդամ, Գերագույն խորհրդի նախագահության անդամ Կիմ Բալայանը «Հայացք» ակումբում միանգամից նկատեց՝ օրը սկսեցինք իրար չշնորհավորելով՝ տոնի կապակցությամբ, իսկ սա խոսում է այն մասին, որ Սահմանադրությունը կյանքի ուղեկից չի դարձել:
Կիմ Բալայանն ասաց, որ դատական իշխանությունն այսօր ձեւավորվում է բացառապես քաղաքական մարմնի կողմից՝ ՍԴ անդամներին ընտրում է ԱԺ-ն, Վճռաբեկ դատարանին ընտրում է նույն ԱԺ-ն: Ստացվեց, որ ունենք քաղաքական մեկ մարմին, որը ձեւավորում է դատական իշխանությունը, հետեւապես այդ դատական իշխանությունն ինչպե՞ս կարող է անկողմնակալ լինել եւ միայն Սահմանադրությանը հավատարիմ. «ՍԴ դատավորներին ընտրում է ԱԺ-ն՝ 12 տարի ժամկետով: 40 տարեկանից հետո նոր միայն կարող է ընտրվել, 40 տարեկանում ընտրվեց, 52-53 տարեկանում ավարտում է իր լիազորությունները, ի՞նչ պետք է անի ՍԴ անդամը՝ պետք է գնա աշխատելու, որտե՞ղ՝ կամ դատական համակարգ, կամ գործադիր իշխանություն, այսինքն, ՍԴ անդամը, Սահմանադրությամբ որոշել ենք, որ պետք է կախյալ վիճակում լինի գործադիր իշխանությունից, որովհետեւ այս իրականության մեջ ով խորհրդարանը ձեւավորեց մեծամասնություն, նա էլ ընտրում է դատավորներին եւ այդ ուժն էլ հենց գործադիրն է կառավարում»:
Նա անդրադարձավ Վճռաբեկ դատարանի նախագահի հրաժարականին՝ ասելով, որ «Վճռաբեկ դատարանի նախագահի հրաժարականը ողջունեցին, մի՞թե մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մարդկանց աչքին թոզ փչելով՝ կարելի է դիվիդենտներ շահել: Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է 6 ամսյա ժամկետում թեկնածու ներկայացնի Վճռաբեկ դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհուրդը այդ պրոցեսը սկսել է, լիազորությունները համարում էր ավարտված եւ հանկարծ ինքը հրաժարական է տալիս: Ինչի՞ հրաժարականը չտվեց, երբ ՄԻԵԴ-ը որոշեց, որ ինքը օրենքի կոպիտ խախտում է թույլ տվել, նույն Արման Մկրտումյանը: Ինչո՞ւ հրաժարական չտվեց, երբ ինքը սահմանադրական նորմի խախտում թույլ տվեց: Հասարակությունը հարմարվում է մի տեսակ, դա գալիս է սովետական մտածողությունից, որ Սահմանադրությունում մի բան պետք է գրեն, մեկ այլ իրականության մեջ ապրեն»: Կիմ Բալայանը խոսեց մեկ այլ խախտման մասին՝ վատթարացնող նորմը չի կարող հետադարձ ուժ ունենալ, բայց նախկին իշխանությունները հանգիստ խախտել են դա. «Ո՞վ իրավունք վերապահեց Սահմանադրական բարեփոխումներ կոչվող հանձնաժողովին վերցնեն եւ Սահմանադրության համապատասխան նշանակված դատարանների նախագահների լիազորությունների ժամկետը կրճատեն, ո՞նց կարելի է, այլ բան է, որ ասեն՝ դատարանների այն նախագահները, որ անցնում են թոշակի, հետո նոր կարգն է գործում: Սա կլիներ լրիվ կանխատեսելի այդպես չարեցին: Ավելին՝ ի հակադրություն 215 հոդվածի, վերցրեցին Երեւան քաղաքի դատարանները վերացրեցին, ստեղծեցին մեկ քաղաքային դատարան, երբ Սահմանադրության մեջ հստակ նշված է, թե երբ կարելի է դատարանների նախագահների փոփոխություն կատարել, նույնիսկ աշխատավարձերը չպահպանեցին»:
Կիմ Բալայանն ասաց, որ ՀՀ նախագահը պետք է ապահովի սահմանադրական դրույթների պահպանումը, գործառնական ֆունկցիան էլ ՍԴ-ի վրա է դրված՝ որոշ սուբյեկտների, բողոքների մասնակցությամբ: Նախագահը կիրառական լծակներ չունի: Ո՞վ պետք է մոնիտորինգ անի, որ տեսնի Սահմանադրության ո՞ր նորմերն են խախտվում: Միայն կառավարության անդամի նշանակման հարցում է նշված, թե ինչ պետք է անի նախագահը, դիմի ՍԴ, բայց նույնիսկ նրա այն լիազորությունները, որ Սահմանադրությամբ հստակ ամրագրված էր, վերցրեցին եւ տվեցին վարչապետին: Հստակ գրված էր, որ ներում շնորհում է նախագահը, բայց չի գրած, որ դա պիտի անի վարչապետի առաջարկությամբ:
Aravot.am-ը հարցրեց՝ ձեր լիազորությունները դադարեցվել են 2018-ի հունվարի 31-ին, իսկ ներում շնորհելը, նախագահի լիազորություններից վերցնելու օրենքը շրջանառության մեջ էր ավելի շուտ եւ այն ԱԺ-ում հաստատվեց փետրվարի 5-ին, եթե դուք այդտեղ Սահմանադրության խախտում էիք տեսնում եւ խնդիր էիք տեսնում, ինչո՞ւ ժամանակին չեք բարձրաձայնել՝ Կիմ Բալայանը պատասխանեց. «Ես շեշտեցի, որ Սահմանադրության գերակայության եւ անմիջական ապահովման պարտականություն ունի ՍԴ-ն, բայց ՍԴ-ն ինքը չի կարող առանց դիմումի գործ քննել, ինչքան էլ ես տեսնեի, այո՛, ՍԴ-ում մեր կոլեգաների մեջ մենք խոսել ենք, ասել ենք, որ դա հակասահմանադրական է, բայց ես ոչինչ չէի կարող անել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հարգելի Կիմ, իմ նախկին գործընկեր, «ապրե՛ս», որ 15 տարի չես ահազանգել այդ հանցագործությունների մասին: Կարծում եմ, շատերը քո իբր բացահայտած «ճնշումների» համար կպատժվեն և, առաջինը Գագիկ Գարուշիչի «ականջը կանչի»: Իսկ որպեսզի խոսքդ լիարժեք լինի, պարզաբանի՛ նաև, թե ինչպե՞ս նշանակվեցիր ՍԴ դատավոր, այն է՝ սահմանադրական ակնհայտ, այն էլ, հանրաճանաչ խախտումներով:
Պարզ չի, որ ավազակաիշխանությունը, որի մի կարևոր մասնիկն էլ դու ես եղել, գործել է «ես քեզ, դու ինձ սկզբունքով» և հենց այդ տրամաբանությամբ շատ արագ դու շրջապատվեցիր բարձրաստիճան հարազատներով: Իսկ ինչ վերաբերում է 2003 և 2008թ.թ. ընտրությունների օրինականությանը, ապա հիշի՛ գոնե Մարտի 1-ը՝ առանց այն էլ ծիծաղելի վիճակում ես հայտնվել:
Իսկ արդարացումներիդ համար, մեղմ ասած, սխալ ճանապարհ ես ընտրել :
Ռուբեն Թորոսյան
ՀՀ ԳԽ Նախագահության անդամ