Լրահոս
Օրվա լրահոսը

«Մազաչափ չկասկածեք». Կիմ Բալայանը վստահ է, որ Բաղրամյան 26-ի զանգերով են դատավորները որոշումներ կայացրել

Հուլիս 05,2018 13:17

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հայտարարեց, թե ինչպես են դատարանները «հեռախոսային որոշումներ» կայացրել վերեւների զանգերով ու ինչպես է կոնկրետ իր վրա փորձել ճնշում գործադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մենք հարցրեցինք՝ ընտրությունների արդյունքների վիճարկման ժամանակ ՍԴ-ի վրա ճնշումներ չե՞ն եղել՝ Կիմ Բալայանը պատասխանեց. «2008-ի ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո բոլոր ընտրություններում հասարակության մեջ տարածված է, որ ՍԴ-ն ամեն անգամ դակել է իշխանությունների տեսակետը, բայց իրականության մեջ ընտրական գործընթացի մասնակից ուժերը երբեւիցե իրավական ճանապարհով փաստեր չեն հավաքել եւ դատարան չեն ներկայացրել: Րաֆֆի Հովհաննիսյանի գործի քննության ժամանակ, չեմ ուզում անուն տալ, քանի որ գործող քաղաքական գործիչ է, նույնիսկ դատարանի դահլիճում հարց եմ տվել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցչին՝ դուք նպաստում եք Րաֆֆի Հովհաննիսյանի գործով իրականության վեր հանելո՞ւն, թե՞ խանգարելուն: Պահանջը ո՞րն էր՝ ասում էր՝ բոլոր տեղամասերից բերեք քվեաթերթիկները եւ այստեղ ստուգեք, երբ ՍԴ –ի հետ դա որեւէ ազդեցություն չունի: Վստահված անձանցից որեւէ մեկը բողոք չէր գրել, կարծեմ մեկ դեպք էր, հետեւապես ՍԴ-ն վերջնական որոշում է քննարկում, ի՞նչ դնի իր որոշման հիմքում՝ անվավեր ճանաչելու համար: Քաղաքական ուժերը այն աստիճանի չեն զարգացել, որ իրավական հիմքերը ստեղծեն: ՍԴ-ին մեղսագրվող արարքները տեղին չեն»:

Հարցին՝ Քոչարյանը Արմեն Գեւորգյանի՞ն էր ուղարկել ձեր մոտ, որ ձեր վրա ճնշում գործադրեն եւ ձեր գործընկերներից, ՍԴ անդամներից լսե՞լ եք, որ նրանց վրա էլ է ճնշում եղել՝ Կիմ Բալայանը պատասխանեց. «Ես այդ գործով զեկուցող դատավորն էի եւ նախնական բանավեճը իմ եւ ՍԴ մի քանի անդամների մեջ էր, այդ թվում՝ ՍԴ նախագահի: Այսինքն, որոշման նախագիծը ես պետք է ներկայացնեի: Եթե ներկայացնում եմ, որ հակասահմանադրական է, այդ պահին ՍԴ նախագահը տեսնում է, թե ով ինչ տեսակետ ունի տվյալ հարցի վերաբերյալ: Այդ խոսակցությունները հասել էին ՀՀ նախագահին, ՀՀ նախագահը դրա համար դիմել էր այդ քայլին: Իսկ մարդը ՆԳ փոխնախարարն էր, սպանեցին՝ Մհերյանը»:

Ինչ վերաբերում է զանգերով որոշումներ կայացնելուն՝ Բալայանը Կարեն Անդրեասյանի՝ որպես օմբուդսմեն զեկույցը մատնանշեց, որտեղ այդ մասին եղել է հասարակության մոտեցումը. «Մենք երեւույթի դեմ պետք է պայքարենք, իսկ երեւույթը միանշանակ առկա է եղել»:

Մենք ճշտեցինք, այսինքն, միանշանակ է, որ Բաղրամյան 26-ի զանգերով դատավորները որոշումներ են կայացրել՝ Կիմ Բալայանը պատասխանեց. «Մազաչափ չկասկածեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031