«Հայաստանում իշխանների, իշխանիկների, ֆեոդալների ժամանակն անցել է»,-Սյունիքի մարզի Գորիս քաղաքում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը երկօրյա այցով մեկնել է Սյունիքի մարզ: Առավոտյան նա եղել էր Սիսիանում, ապա Գորիսում, կլինի նաեւ Մեղրիում եւ Կապանում, Քաջարանում: Նիկոլ Փաշինյանն այս քաղաքներում հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ, պատասխանում նրանց հուզող հարցերին:
Գորիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` ՀՀ քաղաքացին է երկրի տերը, Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացու սեփականությունն է, մենք պետք է մեզ մեր երկրի տեր զգանք. «Գորիսի տերը գորիսի ժողովուրդն է, մյուս պաշտոնյաները ծառայում են ժողովրդին: ՀՀ-ի տերը ժողովուրդն է, ՀՀ վարչապետը եւ մյուս պաշտոնյաները ծառայում են ժողովրդին»:
Մինչ այդ, Նիկոլ Փաշինյանը հորդորել էր քաղաքացիներին` լուրջ եւ մեծ վստահությամբ նայել երկրի ապագային. «Սկսված փոփոխությունները տեղի են ունենալու եւ մենք միասին`կառավարությունն ու հայ ժողովուրդը, հասնելու են իրենց նպատակին: Դրական արդյունքների հասնելու ենք: Այս կառավարությունը տարբերակ չունի, միասին`ժողովրդի հետ ուս-ուսի տված պետք է հաջողությանը հասնենք»:
Շնորհավորելով Սահմանադրության օրվա առիթով`Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ ՀՀ-ում այսօր`Սահմանադրության ընդունումից 23 տարի անց մենք նվաճումն ունենք` իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Քաղաքացիները նաեւ հնարավորություն ունեն վարչապետին հարցեր տալու: Հնչեցին բիզնես-խնդիրներից մինչեւ ընտանեկան վեճի բաղադրիչ պարունակող հարցերր:
Մի գորիսեցի հետաքրքրվեց`ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանին հաջողվել «թավշյա հեղափոխության» արդյունքում «խոշոր գիշատիչ ընձառյուծներին կատու» դարձնել`հեղաշրջում կատարելով մարդկանց մտքերում եւ կենսաբանական համաշխարհային մթնոլորտում: «Ձեր հարցը հռետորական է»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը`հիշեցնելով. «Ես ասել եմ, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան: Եթե նկատի եք ունեք, թե ինչպե՞ս է մեզ հաջողվել հասնել դրան, որ անձեռնմխելի մարդիկ չլինեն, ասեմ`շատ պարզ ձեւով. որովհետեւ կառավարությունն ունի ձեր`ժողովրդի աջակցությունը: Ես՝ որպես վարչապետ, որեւէ մեկից կախվածություն չունեմ, իմ միակ կախվածությունը ժողովրդից է»: Ասաց`իր խնդիրը ժողովրդին ծառայելն է, ժողովրդի խնդիրն իրեն օգնել, որ իր ծառայությունը լինի հնարավորնս արդյունավետ:
Նիկոլ Փաշինյանը նաեւ կոչ արեց գորիսեցիներին`«Իմ քայլը» շարժման «Դուխով» կարգախոս-լոգոն չօգտագործել կոմերցիոն նպատակներով:
Հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը «Դուխով» գրառումով գլխարկ էր կրում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պարոն վարչապետ, Դուք Գորիսում կանգնած էիք հենց փողկապավոր ֆեոդալի, իշխանիկի կողքի: