Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարը ՀՀ Ոստիկանությունից պահանջում է ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում հասցված ոչ գույքային վնասի փոխհատուցում 465.000 դրամի չափով

Հուլիս 05,2018 12:45

2018 թ․ հուլիսի 2-ին ՀՀ Վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Ս․ Հովակիմյանի, շարունակեց ցուցարար Տարոն Սիրադեղյանի՝ ՀՀ Ոստիկանությունից պատճառված վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը: Վերջինս 2014 թ․ հունիսի 23-ին մասնակցել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի մոտ կազմակերպված հավաքին և ենթարկվել վարչական ձերբակալման: ՀՀ Վարչական դատարանի վճռով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո 2017 թ. փետրվարի 24-ին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ցույցի ընթացքում Տարոն Սիրադեղյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունները և մերժեց վերջինիս պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ Ոստիկանության հայցը:

Ցուցարարն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ՀՀ Ոստիկանությունից պահանջում են ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում հասցված ոչ գույքային վնասի փոխհատուցում 465.000 ՀՀ դրամի չափով: Ավելի վաղ 500.000 ՀՀ դրամ փոխհատուցում տրամադրելու հայցը ՀՀ ոստիկանապետը բավարարել էր մասնակի՝ 35.000 ՀՀ դրամի չափով: Հուլիսի 2-ին կայացած դատական նիստի ընթացքում Տարոն Սիրադեղյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը հիմնավորումներ ներկայացրեց այն մասին, որ դիմումը մասնակի բավարարելու՝ ոստիկանապետի որոշումը պատճառաբանված չէ, Տ․ Սիրադեղյանին պատճառված ոչ գույքային վնասի պահանջված չափը արդարացի ու ողջամիտ է և հղում կատարեց ՀՀ օրենսդրությանն ու ՄԻԵԴ-ի ու ՀՀ Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումներին: Հայցի դեմ առարկեցին ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Նարեկ Սիմոնյանն ու գործով որպես երրորդ անձ ներգրավված ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Լիլյա Բաբլոյանը։ Ոստիկանության ներկայացուցիչը պնդեց, որ հայցվորը պետք է ներկայացնի պահանջված գումարի չափի հաշվարկման չափանիշները:

Ապա խնդրեց ամբողջությամբ մերժել հայցը: ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Լ․ Բաբլոյանն էլ դիրքորոշում հայտնեց, որ հայցվոր կողմը պարտավոր է համապատասխան ապացույցներ ներկայացնել պատճառված վնասի ու հետևանքի միջև կապի և հատուցման ենթակա գումարի չափի ապացուցվածության վերաբերյալ։ Բացման խոսքերից հետո հետազոտվեցին գործում առկա գրավոր ապացույցները։ Հայցվորի ներկայացուցիչը միջնորդեց գործով որպես վկա ներգրավել և հարցաքննել հայցվորին՝ նշելով, որ ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով կրած հոգեկան տառապանքի, տագնապի, անհանգստության մասին կարող է հայտնել անձամբ հայցվորը։ Պատասխանողի և երրորդ անձի ներկայացուցիչներն առարկեցին միջնորդության դեմ։ Դատարանը, քննարկելով ներկայացված միջնորդությունը, մերժեց այն՝ գտնելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են դատական ակտ կայացնելու համար։ Դատական նիստի ընթացքում կողմերը հանդես եկան նաև ամփոփիչ ճառերով։ Այսքանով դատաքննությունը ավարտվեց: Վճռի հրապարակման օր նշանակվեց 2018 թվականի հուլիսի 12-ը՝ ժամը 17։01-ը։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031