Այսօր Սահմանադրության օրն է եւ ՍԴ նախկին անդամ, Գերագույն խորհրդի նախագահության անդամ Կիմ Բալայանը «Հայացք» ակումբում ուշագրավ հայտարարություն արեց: Նա կոնկրետ դեպք պատմեց, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը մարդ ուղարկել՝ իր վրա, որպես ՍԴ անդամ, ճնշում գործադրելու համար:
Նախ, Կիմ Բալայանն ասաց, որ «մեր պրակտիկայում շատ դեպքեր են եղել, երբ գալիս են պետական մարմնի եւ մարդու իրավունքի բախում եւ 99 տոկոսով անպայման հաղթում է պետական մարմինը»:
Կիմ Բալայանն ասաց. «Մեծամասամբ ՀՀ-ում մինչեւ հեղափոխությունը գործել է հեռախոսային իրավունքը: Դատական իշխանության ներկայացուցիչներից շատերն ասում են, որ որեւիցե ճնշում իրենց վրա քաղաքական մարմինների չի եղել, եւ փորձում են ցույց տալ, որ իբր մարդիկ իրենց ներքին համոզումով թե ղեկավարությանը որը դուր կգա, այդպես ընթացել են, բայց ես պրակտիկորեն կարող եմ ասել, եթե դուք փաստաբանների, դատավորների, դատախազների հետ անկեղծ զրույց ունենաք, նրանք կասեն՝ եղել են նաեւ ցուցակային գործեր, ցուցակ, թե որ գործով ինչ որոշում պետք է կայացվի: Այդպիսի գործեր մենք ունեցել ենք: Հեղափոխությունից հետո հասարակությունը պատրաստ չի նաեւ ցնցումների: Ամբողջ դատական համակարգը կազմալուծվեց, երբ ՀՀ վարչապետն ասեց՝ ես չեմ միջամտելու դատական ֆունկցիաների իրականացմանը, ուղղակիորեն չգիտեին ինչ անեն, բա սովորել էին արդեն, որ միջամտություն պետք է լինի, որ իրենք կարողանան ընթացք տալ: Հիմա ոչ իրա վերադասն է ռիսկ անում ցուցում տա, ոչ ՀՀ վարչապետն է տալիս, ի՞նչ անեն: Բարեբախտաբար, ադապտացիան շուտ սկսեց տեղի ունենալ, դատավորները սկսեցին ինքնուրույն որոշումներ կայացնել»:
Հարցին՝ Սահմանադրական դատարանը քանի՞ անգամ է նման զանգ ստացել «վերեւներից», հրահանգ, ճնշում ձեր վրա չի՞ եղել՝ Կիմ Բալայանը պատասխանեց. «Ես առնվազն մամուլում եղած հրապարակումներից կարող եմ ասել, որ այո, եղել է: Անձամբ եթե խոսքը վերաբերում է իմ վրա ճնշում գործադրելուն, մի անգամ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասեց, հերթական հատուկ կարծիքս էր տվյալ գործով, ասացի՝ հատուկ կարծիք ունեմ, համաձայն չեմ տվյալ գործով, ասաց՝ պարոն Բալայան, Սահմանադրական դատարանը կազմվել է 1996-ին, դուք 2003-ից եք եկել, մենակ դուք ավելի շատ հատուկ կարծիքներ եք գրել, քան ՍԴ բոլոր անդամները միասին վերցրած: Ես իմ խղճի առաջ մաքուր եմ: Եղել են դեպքեր, ՍԴ որոշումներ, որոնց հետ ես սկզբունքորեն կյանքի իրականությունից ելնելով չեմ համաձայնել: Գուցե ուրիշներին զանգեր եղել են, անձամբ ինձ չեն զանգել: Եղել է, որ միջնորդավորված ՀՀ նախագահի անունից իմ վրա էլ են փորձել ճնշել՝ երկրորդ նախագահի ժամանակ էր: Կարող եմ հստակ ասել, անկախ հանձնաժողով էին ստեղծել, որը պետք է քննարկի, թե այս մարդը վաղակետ ազատման իրավունք ունի՞, թե՞ ոչ: Այդ հանձնաժողովը կայացնում էր որոշում, որից հետո Սահմանադրությամբ նախատեսված վաղակետ ազատման ինստիտուտը սկսում էր չգործել: Ես դրան կատեգորիկ դեմ էի, ինձ մոտ եկավ ՀՀ նախագահի օգնականը՝ իրավական հարցերի գծով եւ ասաց, որ սա պարոն Քոչարյանի միակ խնդրանքն է ձեզ: Ես ասեցի, որ պարոն Քոչարյանը իրազեկված չէ, որ այդպիսի որոշում է կայացրել, ասեցի, ես պատրաստ եմ գալ, ցույց տալ այս օրենքի հակասահմանադրականությունը: Ի վերջո հանգեցինք նրան, որ ընդունվեց որոշում, որ հակասահմանադրական է, բայց այն մասով, որը եթե հանձնաժողովն օրինական հիմքերով չէ այդ որոշումը կայացրել: Ես էլի հատուկ կարծիք ունեցա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ