Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բեգլարյան. «Ինչպե՞ս է պատահել, որ «գառան» նման «անմեղ» ու «ադամանդի բյուրեղյա» մաքրությամբ մարդուն շարունակ «խաբել» են». «Հրապարակ»

Հուլիս 05,2018 12:11

Դավիթ Բեգլարյանը կառավարության գործերի նախկին կառավարիչն էր։ Նա ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինն է։ Նրանց ընտանիքը տարիներ շարունակ բիզնես-գործունեություն է ծավալել, երբեմն հայտնվել սկանդալային պատմությունների կիզակետում։ Վերջերս էլ նրանց անունները հոլովվել են ասուլիսներից մեկի ժամանակ։

– Պարոն Բեգլարյան, պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանն ու նրա պաշտպան Արա Զաքարյանն օրերս ասուլիսի ժամանակ անդրադարձել են իրենց՝ ՀԷԿ կառուցելու ձախողված ծրագրին եւ հնչեցրել նաեւ Ձեր անունը: Ի՞նչ պատմության մասին է խոսքը, կասե՞ք, թե ինչ է տեղի ունեցել, Ձեզ ինչում են մեղադրում:

Կարծես թե սովորական է դարձել, երբ ինչ-որ մարդիկ, ներկայացնելով իրենց խնդիրները, այդ ամենում մեղավորներ են փնտրում, որոշ դեպքերում տալիս են նաեւ մեր ընտանիքի անունը, ինչը, անշուշտ, ո´չ բարոյական, ո´չ կոռեկտ եւ անընդունելի եմ համարում:

Ասեմ, որ 7 տարի առաջ քրեական գործ է հարուցվել․ ըստ իս՝ իրականացվել է բազմակողմանի թե´ նախաքննություն, թե´ դատաքննություն: Ինչպես ասուլիսի ժամանակ Արմեն Սարգսյանն ասաց, նա մի քանի անգամ հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազների հետ, հավանաբար, պարզաբանումներ ստացել քրեական գործից:

Գործի նախապատմությունն այսպիսին է. խողովակ գնելու նպատակով ինձ են դիմել 2 քաղաքացի, ես էլ նրանց եմ վաճառել 1,2 կմ երկարությամբ խողովակ: Ասուլիսում խոսվում էր այն մասին, թե խողովակ ձեռք բերելու նպատակով իբրեւ թե ինձ վճարել են 160 հազար ԱՄՆ դոլար: Ապացուցել եմ ու մեկ անգամ եւս փաստեմ, որ ինձ վճարված գումարը եղել է 103,200 ԱՄՆ դոլար:

Երկու ամիս անց այդ նույն անձինք ինձ են դիմել խնդրանքով, որ հետ վերցնեմ խողովակները եւ վերադարձնեմ գումարը, քանի որ իրենց գնորդը հրաժարվել է հետագա գործունեությունից: Ընդառաջել եմ նրանց: Սա է խողովակների առքուվաճառքի հետ կապված ողջ ճշմարտությունը:

Հիշեցման կարգով ասեմ, որ այդ գործարքը տեղի է ունեցել 2005թ., իսկ գումարը մաս-մաս վերադարձրել եմ 2006-ին:

Իսկ Արմեն Սարգսյանն այնպիսի բաներ է ասում, որոնք իրականությանը չեն համապատասխանում․ նա պնդում է, որ մինչեւ 2010-ը խողովակները եղել են տեղում, այն դեպքում, երբ խողովակները մեկ այլ գնորդի են վաճառվել 2007-ին, իսկ 2010-ի այդ նույն խողովակներով կառուցված ՀԷԿ-ն արդեն աշխատել է:

Անհասկանալի է՝ ինչպե՞ս է պատահել, որ «գառան» նման «անմեղ» ու «ադամանդի բյուրեղյա» մաքրությամբ մարդուն շարունակ «խաբել» են նրա ամենամոտ ու վստահելի ընկերները, ենթակաները, աշխատողները, խողովակ գնողները, բոլոր 3 դատախազները, քննիչները, դատավորները…

Մինչդեռ ճշմարտությունը կայանում է նրանում, որ հենց ինքն է խաբել եւ խաբում է, այլապես ստացվում է, որ այս երկրում բոլորը խաբող են, միակ ազնիվն ու անբիծը Արմեն Սարգսյանն է:

Արմեն ԲԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031