Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնական տպավորությունն այն է, որ ամեն ինչ արվում է հենց աղմուկ ստանալու եւ հանրությանը հնարավորինս ցնցելու համար. «Հայոց աշխարհ»

Հուլիս 05,2018 11:36

Եթե Արա Վարդանյանը իսկապես իր հայեցողությամբ վերցրել է «Հայաստան» հիմնադրամի միջոցները, իհարկե, սխալ ու շատ վատ է վարվել: Դրա համար նա, բնականաբար, պետք է պատասխանատվություն կրի, քանզի արել է մի բան, որի իրավունքը չի ունեցել ոչ մի պարագայում: Այստեղ անգամ քննարկելու բան չկա:

Բնականաբար զուգահեռ հարցեր են ծագում նաեւ այն առումով, թե ի՞նչ կարգով ու ինչպես են կատարվել «Հայաստան» հիմնադրամի միջոցների ծախսերի ստուգումները, ինչպե՞ս է եղել, որ երկու տարի շարունակ, ստուգողներն ու աուդիտորները կասկածելի ոչինչ չեն նկատել:

Բայց երկրորդ՝ Արա Վարդանյանը, այնուամենայնիվ, գումարները վերադարձրե՞լ է: Պարզ ասած, հանրային, ամբողջ աշխարհով հայությունից հանգանակված փողը տե՞ղն է դրել, թե՞ ոչ: Պարզ ասած՝ զուտ ֆինանսական առումով նա «Հայաստան» հիմնադրամին նյութական վնաս պատճառե՞լ է, թե՞ ոչ: Ինքը հայտարարել է, եւ փաստաբանն էլ նույնն է ասում, որ բոլոր գումարները «տեղն է դրել»: Հիմա քննության խնդիրն է հստակ պարզել ու հիմնավորված ներկայացնել հանրությանը՝ կոնկրետ գումարային վնաս պատճառվե՞լ է հիմնադրամին, թե՞ ոչ:

Այսինքն՝ փաստացի, եթե նա մի քանի օրով կամ գուցե ժամով ինչ-որ չափով գումար վերցրել է, ինչի իրավունքը չուներ, բայց որոշ ժամանակ անց կրկին վերականգնել է, ապա ստացվում է, որ նյութական կոնկրետ վնաս չի պատճառել:

Սա կարեւոր է նշել, քանզի հանրային ընկալման մեջ ֆիքսվել է այն գաղափարը, որ այդ գումարները կորած են, յուրացվել են, ու անընդհատ շատ-շատերը նշում են, թե՝ «ինչեր կարելի էր անել այդ 130 միլիոն դրամով»: Իսկ եթե պարզվի, որ 130 միլիոն դրամն իր տեղո՞ւմ է, այնուամենայնիվ:

Ու այստեղ, երրորդ՝ չափազանց կարեւոր հարցեր են ծագում՝ ուղղված ԱԱԾ-ին: Կարեւոր հարցեր: ԱԱԾ-ն, կարելի է չկասկածել, որոշակիորեն հետեւել է Արա Վարդանյանին, նրա բանկային եւ այլ գործարքներին, որոնք էլ, որպես «փաստական հանգամանքներ», ձերբակալելուց հետո ներկայացրել է նրան: Բայց ենթադրելի է, որ պետք է տեղեկություններ ունենային նաեւ գումարները վերադարձնելու վերաբերյալ: Դա հոգ չէ, կստուգեն, կիմանան ու կպարզեն:

Շատ ավելի էական է հարցը, թե ի՞նչ անհրաժեշտություն կար այդպիսի մեծ հնչեղություն հաղորդել այս ամենին: Ի վերջո, եթե փաստացի վնաս չի եղել, ապա ոչինչ չէր խանգարում նույն «փաստական հանգամանքների» ճնշման ներքո նույն Արա Վարդանյանին անաղմուկ հեռացնել հիմնադրամի տնօրենի պաշտոնից: Նրան վարկաբեկելու անհրաժեշտությունը ո՞րն էր: Նա ոչ քաղաքական հավակնություններ ունի, ոչ էլ նման մի բան:

Բայց Արա Վարդանյանի անհատական վարկն ու վարկաբեկումը չէ, որ մեզ հուզում են:

Ամենակարեւորը՝ ի՞նչ կարիք կար այդպիսի խայտառակության մեջ թաթախել «Հայաստան» հիմնադրամը, որին միայն Սփյուռքի հայրենակիցները չէ, մենք էլ ենք մեր համեստ կարողության չափով գումարներ հանգանակել, ի դեպ, ամեն տարի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե կատարվածը մեծացնելու է վստահությունը Հայաստանի հանդեպ: Գուցե: Կապրենք՝ կտեսնենք. մեծացնելո՞ւ է, թե՞ հակառակը: Մենք այդքան լավատես չենք: Ավելի շուտ՝ հակառակը:

Իսկ «Հայաստան» հիմնադրամի հանդեպ վստահությո՞ւնը, որ ուղղակի ջարդուխուրդ արվեց նախօրեին տարածված հաղորդագրությամբ ու դրա մեջ նշված տվյալներով: Այսքանից հետո ո՞վ կամ քանի՞ հոգի հոժարակամ միջոցներ կտրամադրի, օրինակ, «Հայաստան» հիմնադրամին, որ ավելի քան երկուսուկես տասնամյակ շատ կարեւոր խնդիրներ է լուծում Արցախում ու ամբողջ Հայաստանի տարածքում: Որքա՞ն ջանքեր կպահանջվեն՝ «Հայաստան» հիմնադրամի հանդեպ վստահությունը վերականգնելու համար:

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, որպես հատուկ ծառայության, ապա հատուկ ծառայությունները սովորաբար գերադասում են գործել առանց մեծ հանրային ուշադրություն գրավելու: Այսպես ասած՝ անաղմուկ: Բայց մեր ԱԱԾ-ի դեպքում իրողություններ են փոխվել, ավելի ճիշտ՝ շրջվել գլխիվայր։ Քանզի հիմնական տպավորությունն այն է, որ ամեն ինչ արվում է հենց աղմուկ ստանալու եւ հանրությանը հնարավորինս ցնցելու համար, այն բանի համար, որ անընդհատ խոսվի, ասվի, հանրային հարթակներում պահպանվի ընդհանուր տրամադրությունը, թե՝ «վայ, էս ոնց են թալանել», «էս ինչ կարգի են լափել» եւ այլն:

Կարճ ասած, ԱԱԾ-ն, որպես այդպիսին, Նիկոլ Փաշինյանի քաղաքական ու քարոզչական «դուբինկայի» դերում է հայտնվել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031