Հանցագործությունները անպատիժ չպիտի մնան ոչ այն պատճառով, որ մենք չենք սիրում այս կամ այն մարդուն ու ցանկանում ենք նրան ցավ պատճառել: Դա սխալ շարժառիթ է: Օրենքի խախտումները չպիտի անպատիժ մնան, որպեսզի հետագայում դրանք չկրկնվեն: Առավել եւս՝ այնպիսի ոճրագործությունների դեպքում, ինչպիսին «Մարտի 1»-ն է: Որ այդ սպանդի համար պետք է պատասխան տա նախեւառաջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ես չեմ կասկածում:
Բայց եթե անկեղծ լինենք, այն, ինչ հայտարարել է Հատուկ քննչական ծառայությունը, առայժմ բավարար չէ, եւ ավելին՝ պարունակում է ավելորդ քաղաքական տարրեր: Օրինակ՝ «Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը»՝ հրամանի նման բնութագիրը, հավանաբար, ճիշտ է, բայց իրավապահ մարմնի բառապաշարում չպիտի լինի` պետք է հստակ նշվեն օրենքների այն կետերը, որոնց այդ հրամանագիրը հակասում է: ՀՔԾ-ի հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով «էական վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին»: Դա էլ է բացարձակ ճշմարտություն, բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ է երկրի միջազգային վարկը հուզում Հատուկ քննչական ծառայությանը, որն, ինձ թվում է, պետք է խոսի չոր իրավական լեզվով:
Այդ ամենով հանդերձ՝ «Մարտի 1-ի» գործը պետք էր վերաբացել, եւ բոլոր մեղավորները պետք է պատժվեն նախեւառաջ ապագան նկատի ունենալով. այս պահից սկսած ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, պաշտպանության ոչ մի նախարար ու ոչ մի ոստիկանապետ գայթակղություն չպիտի ունենա ոստիկանությունը եւ առավել եւս՝ բանակն օգտագործել քաղաքական խնդիրները լուծելու համար:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը, որը, ճիշտն ասած, առաջին հայացքից խաղամոլի եւ գանձագողի տպավորություն չէր թողնում, պետք է պատժվի ոչ միայն նրա համար, որ ոչ ոք այլեւս չհամարձակվի անձնական նպատակներով օգտագործել (թեկուզեւ` ժամանակավորապես) ուրիշի փողերը, այլեւ այն պատճառով, որ արտերկրում մեր եղբայրները համոզվեն, որ այսուհետ իրենց նվիրաբերած գումարները կհայտնվեն հուսալի ձեռքերում:
Եթե մեր օլիգարխներն ու նրանց «ախրաննիկները» շարունակեն մարդ ծեծել, իսկ հետո կաշառեն, վախեցնեն եւ շանտաժեն տուժածներին, ապա վաղը դա նորից տեղի կունենա, եւ ոչ մեկը այդ «լա-ա-ավ տղու» վարքից չի ցանկանա հրաժարվել: Մի անգամ պետք է լինի դատավճիռ, թեկուզեւ մեղմ, եւ դրանից հետո օլիգարխները կդադարեն մեզ` հասարակ մահկանացուներիս, վերեւից նայել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»: Եթե դա քրեական հանցանք է՝ մեղադրեք:
Մարտի 1-ից հետո տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը գաղտնազերծել է այդ հույժ գաղտնի փաստաթուղթը: Եթե դա քրեական հանցանք է՝ մեղադրեք:
Ի՞նչ դերակատարություն են ունեցել մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Փաշինյանը: Սպասենք Սերժ Սարգսյանի վկայություններին ու ցուցմունքներին:
Բանակում քանի դեռ երդում չես տվել, քեզ բանակի օրենքներով չեն դատում, որպեսզի ապագայում, քեզ որպես քաղաքացու թե պետպաշտոնյայի պետական օրենքներով դատելու իրավունք լինի, դու պետք է սկզբից երդում տաս, անչափահասը մինչ չափահաս դառնալը կարող է քաղաքացու թեկնածու կամ նման մի բան լինել եւ միայն զինվորական ծառայությունում երդում տալուց հետո միայն ստանա քաղաքացու անձնագիր, ավելին կասեի՝ բանակ էլ թողնեն գնա ծառայի միայն ընտանիք կազմելուց ու իրենից հետո զավակ թողնելուց հետո, դրա համար հայ տղան պետք է տասնըհինգ տասնըվեց տարեկանից արդեն ձեւավորված տղամարդ լինի, որ տասնըութ տարեկանում իրավունք ունենա բանակում ծառայելու: Ինչքան շուտ մարտական հմտություններ ունենա հայ տղան, այնքան քիչ զոհեր կտանք հաղթանակների համար: Իսկ աղջիկներին քաղաքացիություն տալ միայն երեխա ունենալուց հետո: Մեր արտասովոր պայմանները, երբ հույսդ միայն դու ես ու քեզ նմանները, արտասովոր օրենքներ են պահանջվում:
Ներողություն անգրագիտությանս համար՝
տասնըհինգ՝ ճիշտը տասնհինգ
նմանապես՝ տասնվեց, տասնութ
Եթէ հետապնդումները պիտի շարունակուին այս ընթացքով, եւ անոնց թիրախ պիտի դառնան, ուղղակիօրէն, նախկին երկու նախագահները, գոնէ տարիքի բերումով, այս պարագային մէկդի դնելով իսկ պատիժի նիւթը, որքա՞ն արդար կը լինի որ առաջին նախագահն ալ չենթարկուի գոնէ կանոնաւոր ու անկաշկանդ հետախուզութեան, եւ չպարզուին անոր իշխանութեան ժամանակ տեղի ունեցած խնդիրները, որոնք սկզբնական ակունքն են երկրի յաջորդող խոր ցաւերին: (Ի դէպ, ան ալ երեւի մի հետաքրքիր եղբայր ունէր, չէ՞…)
«Օրենքի խախտումները չպիտի անպատիժ մնան, որպեսզի հետագայում դրանք չկրկնվեն: » Միթէ այս հաստատումը չի՞ վերաբերիր առաջին վարչակարգին յաջորդող օրինական եւ բարոյական սայթաքումներին, պետական ոլորտից սկսեալ եւ, վարակումով, փոխանցուած՝ ամբողջ երկրին:
Նկատի ունենալով այժմու վարչապետի եւ յիշեալ առաջին նախագահի գոնէ անցեալի -թէկուզ ոչ այդքան ալ հեռաւոր, եւ վստահաբար ոչ աննշան- քաղաքական կապերը, եթէ «նախա-ներում» պիտի շնորհուի միմիայն այդ նախագահին, ապա աւելի դժուար կը դառնայ քաղաքական մղումներ եւ միտումներ չվերագրել տեղի ունեցող նախկին իշխանաւորների հետապնդումներին:
( Իսկ, մի մտահոգուիք, «Արտերկրում ձեր եղբայրները», Արտերկրի իրենց փորձառութեամբ եւ գիտութեամբ, այդքան ալ զարմացած/ցնցուած չեն, վերջերս տեղի ունեցող բացայայտումներով: Միշտ ել կ’ենթադրէինք որ տրուած մի տօլարի յաճախ մի տոկոսը միայն հասնում էր իր նպատակին, սակայն այնուհանդերձ տալիս էինք – եւ պիտի շարունակենք տալ -, որպէսզի գոնէ ճիշդ տեղ հասնող այդ տոկոսը ծառայէ իր կենսական նպատակին, անկէ ալ չզրկուի ժողովուրդը, Հայրենիքը… Այս մօտեցումը հասկցող չկայ, Հայաստանում: )
Յ.Գ. Հիմնադրամի մասին ըսածս անպայման չի վերաբերիր անոր վարչական վերնախաւին: Այդ ուղղութեամբ տեղի ունեցած աղմկոտ ձերբակալութիւնը երեւի արդէն խորհրդանշական բնոյթ ունի:
Սակայն մեզի նաեւ ծանօթ է աւելի «խոնարհ» մակարդակի աւանդական «ճարպիկութիւնները», հաշիւների վերաբերեալ այլազան «վարպետութիւնները», նամանաւանդ շինարարական ոլորտում, ուր… հնարամիտ ծախսերը չեն պակսիր: Ասով հանդերձ, Հիմնադրամի մեծաթիւ ու տպաւորիչ իրագործումները բառացիօրէն ակնյայտ են ՝
http://www.himnadram.org/en/projects/status/1/page/1 … (74 էջերի վրայ, ցարդ)
Սակայն ան որ արդէն չի տար, նուիրատուութիւն չ’ըներ, միշտ ել պատրուակ կը գտնէ չտալու համար: Հիմա ել այդպէս, նոր պատրուակ մը մէջտեղ ելաւ… Հետեւաբար, դա բան չի փոխեր Հիմնադրամին համար: